Լավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել ԵՄ հետ Առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը

Լավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել ԵՄ հետ Առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրամիության հետ Առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Կարծում եմ, որ սթափ դատող մարդիկ Եվրոպայում չեն վիճարկի այն դրույթը, որ Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների շտկմանը խելամիտ այլընտրանք չկա»,-հայտարարել է Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Առաջ տանելով եվրասիական ինտեգրումը, մենք բաց ենք համագործակցության համար մյուս երկրների, տարածաշրջանային այլ միավորումների հետ: Պատրաստ ենք քննարկել Եվրամիության հետ առևտրի ազատ գոտու ստեղծման հեռանկարները»,-հայտարարել է նախարարը:

Ըստ Լավրովի, Մոսկվան ու Բրյուսելը պետք է բարելավեն հարաբերությունները, առավել ևս այն պայմաններում, երբ ԵՄ ու Ռուսաստանի սահմաններից դեպի հարավ բարձրանում է ծայրահեղականության ու ահաբեկչության ալիք:

«Գործակցության խորացման ճանապարհին մենք կրկին ու կրկին բախվելու ենք խոչընդոտների, եթե չորոշենք մեր հեռահար նպատակները: Մոսկվայում շարունակում են կարծել, որ նման բնական նպատակ պետք է լինի միասնական տնտեսական ու հումանիտար տարածքի կառուցումը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ՝ հենվելով հավասար ու անբաժանելի անվտանգության կառուցման վրա»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նախկինում նման հայտարարություններ հնչել են նաև Բրյուսելից: Մասնավորապես, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի սկզբին հայտարարել է, որ հեռանկարում անհրաժեշտ կլինի առևտրի ազատ գոտի ստեղծել ԵՄ և այն ժամանակ դեռ Մաքսային միության միջև: Նման հայտարարություն նա արել էր Yes համաժողովի շրջանակում «ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Բա՞րդ է, թե անհնար» թեմայով բանավեճի շրջանակում: Համաժողովը նվիրված էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նոր անդամներին ու անդամակցությանը ՄՄ-ին:

Ընդ որում, ԵՄ-ում բազմիցս են նշել, որ անհնար է միաժամանակ լինել ՄՄ կամ ԵՏՄ անդամ և ԵԿ հետ ասոցացման համաձայնագրի մասնակից: 2013-ին Բրյուսելը մերժեց Երևանի առաջարկն Ասոցացման մասին համաձայնագրի միայն քաղաքական մասը ստորագրելու վերաբերյալ՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին որոշումից հետո:

ԵՏՄ ու ԵՄ մասին տարաձայնություններն Ուկրաինայում հակամարտության պատճառներից մեկը դարձան: Նախագահ Յանուկովիչը, որը մտադիր էր ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը 2013-ի նոյեմբերին՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, փոշմանեց վերջին պահին, ինչին հաջորդեց Մայդանը, որն ավարտվեց այունալի ու զանգվածային բախումներով Կիևի փողոցներում, Յանուկովիչի փախուստով, ՌԴ-ին Ղրիմի միացումով ու պատերազմով Դոնբասում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---