Ֆրանսիան կզինի քրդերին, իսկ Վաշինգտոնում վստահ են՝ իսլամիստները Բաղդադ չեն հասնի![]() 16 հոկտեմբերի 2014 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզը մտադիր է զենք մատակարարել քուրդ աշխարհազորայիններին, ԻՊ գրոհայինների հարձակումը սիրիականի Կոբանի վրա կասեցնելու համար: Պետության ղեկավարը նշել է, որ սիրիացի քրդերին օգնելու համար «Ֆրանսիան կանի հնարավորը»: Թե զենքի հատկապես որ տեսակների մասին է խոսքը, չի հրապարակվում: Ավելի վաղ Ֆրանսիան ԻՊ գրոհայինների դեմ պայքարելու համար ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ դարձավ: ԻՊ գրոհայինները պաշարել էին Կոբանն այս տարվա սեպտեմբերին: Խմբավորման համար քաղաքն ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրա գրավումը թույլ կտա Հալեպի և Ռաքքայի գավառներում կապել նրանց դիրքերը, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանի զգալի հատվածի վրա հսկողություն հաստատել: Մինչդեռ ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիան թույլ չի տա, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեն Բաղդադը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ Դեմփսին ասել է. «Չեմ կարծում, որ գրոհայինները կարող են վերցնել Բաղդադը: Վատսհ եմ, որ մենք կարող ենք օգնել իրաքցիներին և կասցենել Բաղդադի գրավումը», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, իրաքյան ուժերին մեծ վարժանք է հարկավոր, սակայն նրանց հաջողվել է «բավականին լուրջ պաշտպանություն կազմակերպել Բաղդադի շուրջ»: Պաշտպանական այդ գիծը, ըստ Դեմփսիի, «շատ խիտ ու խորն է»: Գեներալը նաև կարծիք է հայտնել, որ այժմ կոալիցիան «ճշիտ ուղու վրա է»: Նա խոստովանել է, որ միայն ավիահարվածները չեն կարող ԻՊ-ին պարտության մատնել: Ըստ գեներալի, «Անդրդվելի վճռականություն» (Inherent Resolve) անվանումը, որ ստացել է ԱՄՆ ու ԻՊ դեմ նրա դաշնակիցների գործողությունը, նշանակում է, որ «առաքելությունը կատարելու համար անհրաժեշտ է գործել հուսալի ու հետևողականորեն»: ԱՄՆ-ն ու դաշնակիցներն Իրաքի տարածքում երեք ռազմակայան կստեղծեն, որտեղ օտարերկրացի տեսուչները կմարզեն իրաքյան զինծառայողներին, հայտարարել է գեներալ Մարտին Դեմփսին: «Մենք հիմա երկրում խորհրդականների 12 խումբ ունենք,- ասել է նա: -Մեկ օր առաջ կոալիցիայի մյուս անդամներից հավաստիացումներ ստացանք, որ նրանք պատրաստ են խորհրդականներ գործուղել: Մենք մտադիր ենք երեք ռազմակայան ստեղծել, որտեղ կկարողանանք հզորացնել Իրաքի անվտանգության ուժերի մարտական ներուժը»: Թե երկրի որ մասում կտեղակայվեն բազաները և ինչպես կգործեն, նա չի հստակեցրել: Դեմփսին չի բացառել, որ ինչ-որ պահի կարող են այնպիսի պայմաններ ստեղծվել, երբ ինքը ստիպված կլինի խորհուրդ տալ ԱՄՆ նախագահին ամերիկյան ցամաքային ուժեր մտցնել Իրաք: «Ես չեմ կարող կանխատեսում անել, թե որ դեպքում մենք ստիպված կլինենք ցամաքային ուժեր մտցնել Իրաք, -ասել է գեներալը: -Սակայն, պատերազմը լի է անակնկալներով: ԻՊ-ն ազգային անվտանգության սպառնալիք է: Եթե դրան հասնի, ես հենց դա խորհուրդ կտամ»: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում այս տարվա ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Photo: Ahmad Al-Rubaye / AFP / East News Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |