ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ում են. Նալբանդյանը նշել է հրադադարի խախտման դեպքերի աճը (թարմացված)

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ում են. Նալբանդյանը նշել է հրադադարի խախտման դեպքերի աճը (թարմացված)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները՝ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, թե ընտանեկան խնդիրների պատճառով բաց կթողնի գործընկերների՝ տարածաշրջան այցը:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական զինուժը բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։

Հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր մոտ 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3300 կրակոց: Մինչև այդ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարը խախտվել էր մոտ 200 անգամ, արձակվել ավելի քան 1200 կրակոց:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը, որի շրջանակում բազմաթիվ գագաթնաժողովներ են եղել, ընդունվել են ամենաբարձր մակարդակով հայտարարություններ, կայացել բազմաթիվ հանդիպումներ: Նախարարը շեշտել է, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը, հայտարարել էր, թե Բաքուն կցանկանար, որ «յուրաքանչյուր հանդիպում ղարաբաղյան կարգավորման շուրջ արդյունավետ լիներ, որպեսզի գործընթացը տեղից շարժվեր»: Մամեդյարովը նաև նշել էր, որ Ադրբեջանը «պատրաստ է ձեռնամուխ լինել մեծ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքին»:

Մամեդյարովն ասել էր նաև, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել փորձագետների մակարդակով ու «սպասում է հայկական կողմի պատասխանին»:

Նախարար Նալբանդյանը նաև համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է առ այն, որ նույն նպատակով ադրբեջանական կողմը, ցանկալին իրականության տեղ մատուցելով, մտացածին հայտարարություններ է անում, թե իբր համանախագահների կողմից առաջարկվել է փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել կարգավորման՝ Բաքվի համար նախընտրելի տարրերի շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, թե վերոհիշյալը փաստում է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը:

Հոկտեմբերի 27-ին Փարիզում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:Ավելի վաղ տարածաշրջան կատարած իր այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել էր կողմերի միջև երկխոսության խթանման անհրաժեշտության մասին:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ավելի ուշ ՄԽ համանախագահներին ու Անջեյ Կասպրշիկին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են երկրի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են բանակցային գործընթացին չնպաստող առկա խնդիրներին: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել հատկապես բարձր մակարդակի բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը:

Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

4  16.10.14 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---