Porsche-ի կորպորատիվ երեկոն կանցնի Սիքստինյան կապելայում. Հասույթը բարեգործությանը կուղղվի

Porsche-ի կորպորատիվ երեկոն կանցնի Սիքստինյան կապելայում. Հասույթը բարեգործությանը կուղղվի

PanARMENIAN.Net - Պատմության մեջ առաջին անգամ Վատիկանը վարձակալության է հանձնել հայտնի Սիքստինյան կապելան կորպորատիվ երեկույթի կազմակերպման համար:

Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, կապելան վարձակալության է հանձնվել Porsche մեքենաշինական ընկերությանը կորպորատիվ միջոցառման համար: Հռոմի պապն անձամբ է տվել իր համաձայնությունը: Նշվում է, որ վարձակալության համար ստացված ողջ գումարը կնվիրաբերվի անտուններին ու չքավորներին:

Հայտնի չէ, թե հատկապես որքան կվաստակի Վատիկանը վարձակալությունից, սակայն հայտնի է, որ Porsche Travel Club-ի կորպորատիվ տուրի արժեքը 5000 եվրո է՝ մոտ 200 հազար եվրո 40 մարդու համար: Վատիկանը նաև կխնդրի կազմակերպիչներին ու մասնակիցներին նվիրատվություններ անել հօգուտ աղքատների:

Հռոմի պապը գտնում է, որ Վատիկանի մշակութային ժառանգությունը պետք է ծառայի բարեգործության համար միջոցներ վաստակելուն:

Սա միակ դեպքը չէ, երբ եկեղեցական և մշակութային տարածքները վարձակալության են տրվում: Վարձակալվում են եկեղեցիներ ու տաճարներ որոշ եվրոպական երկրներում, Ռուսաստանում, հաճախ համերգներ են տեղի ունենում հռոմեական ամֆիթատրոններում ու մշակութային ժառանգություն համարվող այլ վայրերում: Սակայն, հաճախ, նման միջոցառումները սկանդալի կենտրոնում են հայտնվում, ինչպես օրինակ, Ամենափրկիչ մոսկովյան եկեղեցու դեպքում, որտեղ բիզնես կենտրոն էր գործում: Միտումը չշրջանցեց նաև Հայաստանը՝ մի քանի անգամ վարձակալությամբ է հանձնվել Գառնիի տաճարն ու հարակից տարածքը, ինչպես նաև Զվարթնոցի ավերակները՝ հարուցելով հանրության մի մասի վրդովմունքը:

Սիքստինյան կապելան կառուցվել է 1473-1481 թթ. Հռոմի պապ Սիքստ IV-ի պատվերով, ճարտարապետն է Ջորջե դե Դոլչին: Հայտնի է առաջին հերթին Միքելանջելոյի, Սանդրո Բոտիչելլիի, Պերուջինոյի և Վերածծնդի մյուս հայտնի վարպետների նկարազարդումների շնորհիվ: XV-ից սկսած այստեղ է անցկացվում Հռոմի պապի ընտրությունը՝ կոնկլավը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---