Պուտինի վարկանիշը նվազել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջին անգամ

Պուտինի վարկանիշը նվազել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջին անգամ

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկելու մտադրություն ունեցող ռուսաստանցիների թիվը նվազել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջին անգամ: Ըստ Լևադա-կենտրոնի հարցումների, եթե նախագահի ընտրություններն առաջիկա կիրակի օրը տեղի ունենային, ՌԴ նախագահի օգտին կքվեարկեր ընտրողների մոտ 49 տոկոսը:

Վլադիմիր Պուտինի գլխավոր մրցակից, Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի վարկանիշն օգոստոսին նվազագույնը լինելով (3 կամ 4 տոկոս առանց չկողմնորոշվածների), հակառակը, սկսել է աճել (4 և 7 տոկոս համապատասխանաբար): «Միասնական Ռուսաստանի» աջակցության մակարդակը պահպանել է օգոստոսի առավելագույն ցուցանիշը՝ 42 տոկոս, սակայն ընտրության հարցում կողմնորոշվածների հաշվարկով նվազել է՝ 63 տոկոս, նախորդ ամսվա 62 տոկոսի դիմաց, հայտնում է ՌԲԿ-ն:

Եթե հաշվելու լինենք բոլոր արդյունքները, բացառելով չկողմնորոշվածներին և նրանց, ով չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը, գործող նախագահի վարկանիշը կկազմի 83 տոկոս նախկին 87-ի փոխարեն մեկ ամիս առաջ (ապրիլին՝ 81 տոկոս, հունվարին՝ 66 տոկոս):

Ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնիի վարկանիշը տատանվում է նույն 1 տոկոսի սահմանում:

Ռեկորդային ցածր էր Պուտինի վարկանիշը 2014-ի հունվարին՝ 29 տոկոս: Ղրիմը ՌԴ-ին միացնելուց հետո այն կտրուկ աճեց՝ օգոստոսին հասնելով 57 տոկոսի: Սակայն, արդեն սեպտեմբերին աջակցությունը ՌԴ նախագահին նվազեց 8 տոկոսով՝ հասնելով 49 տոկոսի:

Վարկանիշի անկումը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վարկանիշը մշտական ինչ-որ ցուցանիշ չէ, այն ենթակա է տատանումների: Պուտինի վարկանիշը զգալի բարձունքների է հասել և տատանվում է այդ մակարդակում»,-հայտարարել է նա, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Պեսկովը հայտարարել է նաև, որ նախագահի վարկանիշն այնքան բարձր մակարդակում է տատանվում, որ ոչ մի ազդեցություն չունի ընդհանուր պատկերի վրա:

Հարցումն անցկացվել է 2014-ի սեպտեմբերի 26-29-ը 18-ից բարձր 1630 անձանց շրջանում երկրի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերում քաղաքային և գյուղական շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---