Փոխարտգործնախարար. ԵՄ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ

Փոխարտգործնախարար. ԵՄ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ գործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին անդամակցությանը: ԱԺ-ում բյուջեի քննարկմանը հոկտեմբերի 30-ին այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պնդելով, որ ԵՄ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ:

Նա նկատել է, որ դեռևս չի կարող մատնանշել ԵՄ-ի հետ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին չհակասող շրջանակներում գործակցության ոլորտները, սակայն, ըստ նրա, աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Այսօր մասնագետներն արդեն հնարավորություն ունեն ուսումնասիրել պայմանագիրն ու հստակ նշել այդ շրջանակը, քանի որ Հայաստանը, իր ստանձնած պարտավորություններից ելնելով, այդ գծից դուրս չի կարող գործակցել: Ամենակարևորը, որ մեզանից ակնկալում են մեր եվրոպական գործընկերները՝ տեսնել այն շրջանակը, որտեղ իրենք ազատ են»,- ասել է նա:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ բոլոր անդամների՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի վավերացումից հետո:

Կառավարությունը, ըստ փոխարտգործնախարարի, ուշադրության կենտրոնում է պահում այն հանգամանքը, որ ՀՀ-ն, ըստ էության, իր համար շահեկան վիճակում է հայտնվում և որոշակի առումով կապող օղակ է ԵՏՄ և ԵՄ երկների միջև:

Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշել է, որ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ լինելու վերաբերյալ հարցը ԵՏՄ-ին անդամակցման բանակցությունների առարկա չի եղել:

«Այդպիսի հարց չկա, իսկ պայմանագրում որևէ կետ չկա այն մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել»,- ասել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով` մաքսակետ տեղադրելու հարցը վերաբերում է ԵՏՄ անդամ բոլոր պետություններին, բայց` «դա մեր սուվերեն կամքն է».«Գործող մաքսակետը դիտարկվել է և անդամ-պետությունների, և ԵՏՄ հանձնաժողովի կողմից: Որևէ այլ խնդիր կամ որևէ պահանջ գոյություն չունի»:

Շավարշ Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է խորացնել և ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները: Ըստ Քոչարյանի, նաև կարևոր է ամրապնդել ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները: ԱԳՆ ուշադրության կենտրոնում են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Կանադան, հայ-թուրքական հարաբերությունները՝ առանց նախապայմանների. «Այսինքն՝ մենք պարտավոր ենք աշխատել բոլոր ուղղություններով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---