ՄԱԿ. ԻՊ շարքերում աննախադեպ թվով օտարերկրացիներ են կռվում

ՄԱԿ. ԻՊ շարքերում աննախադեպ թվով օտարերկրացիներ են կռվում

PanARMENIAN.Net - Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում կռվող օտարերկրացի գրոհայինների քանակը հասել է 15 հազարի: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի զեկույցի վրա հղումով, որը հայտնվել է պարբերականի մոտ:

Գրոհայիններ են ժամանել ավելի քան 80 երկրից՝ թեև ամբողջական ցուցակը զեկույցում չի բերվում, սակայն հիշատակվում է, որ բախումներին մասնակցում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Ըստ ԱԽ գնահատականի, օտարերկրացիների քանակը, որոնք ցանկանում են միանալ ծայրահեղականներին, աննախադեպ է: Ընդ որում, նշվում է, որ կամավորների արտահոսք է նկատվում «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումներից՝ գնալով ավելի շատ գրոհայիններ են միանում «Իսլամական պետությանը»: ՄԱԿ-ը զգուշացնում է վտանգի մասին, որի հետ կբախվեն նշված երկրների իրավապահ մարմինները, որոնց քաղաքացիները վաղ թե ուշ տուն են դառնալու պատերազմից Իրաքում և Սիրիայում:

Ըստ The Guardian-ի, «Իսլամական պետության» շարքերում առնվազն 500 բրիտանացի է կռվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան զորքերը գերի են վերցրել Չինաստանի քաղաքացու՝ ազգությամբ ույգուր: Եվրոպական հատուկ ծառայությունները հայտնել են, որ դեռահասները ԵՄ տարբեր երկրներից մեկնում են Ասադի դեմ կռվելու: Իսկ Ռուսաստանում ԱԴԾ հոկտեմբերի 28-ին մի խումբ եկվորների է ձերբակալել Անդրկովկասից ու Միջին Ասիայից, որոնք մտադիր էին ջիհադի մեկնել Սիրիա, հայտնում է Լենտա.ռու-ն:

Մինչդեռ, իրաքցի քրդերի կազմավոումրների մարտիկները՝ փեշմերգաները, զենքի առաջին խմբաքանակն են հասցրել Կոբանիի պաշտպաններին: Ըստ հաղորդագրությունների, թուրք-սիրիական սահմանը գիշերը հատել է 12 բեռնատար, զրահամեքենաների ուղեկցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օդից շարասյունը ուղեկցում էր ԱՄՆ ու դաշնակիցների ավիացիան:

Թուրքական Սուրուչ քաղաքից ռազմատեխնիկայի տեղափոխումը որոշվել է կատարել փոքր խմբաքանակներով: ԻՊ գրոհայինները փորձում են խանգարել ռազմական բեռի ու հումանիտար օգնության տեղափոխմանը: Ականատեսները հայտնում են, որ նրանք գնդակոծում են ականանետներից Թուրքիայի հետ սահմանակից տարածքը և մի քանի փորձ են ձեռնարկել գրավելու թաղամասը, որտեղ գտնվում է մաքսատունը:

Փեշմերգաները օգնություն կցուցաբերեն քուրդ կամավորականներին՝ հզորացնելով Կոբանիի հրետանային պաշտպանությունը: Քաղաքը պաշարված է երեք կողմից: Ուրբաթ օրը տարածաշրջանային ԶԼՄ-ները հայտնեցին քրդական ուժերի կողմից միասնական հրամանատարական կենտրոնի ստեղծման մասին:

Ծայրահեղականներն իրենց հերթին իրենց ստորաբաժանումներն են բերել Կոբանիի մատույցներ այլ բնակավայրերից: Նրանք փորձել են ճեղքել պաշտպանությունը հարավային ուղղությամբ, սակայն հակահարված են ստացել: Ինչպես հայտնում է «Ֆիրաթ» գործակալությունը, աշխարհազորայինները հակահարձակման են անցել և վերադարձրել են հսկողությունը գրոհայինների գրավված մի քանի դիրքերում: Ձեռնամարտի արդյունքում ոչնչացվել է մոտ 30 իսլամիստ:

Քաղաքից դեպի արևելք քրդերին օգնելու են եկել ԱՄՆ ու դաշնակիցների ՌՕՈւ, որոնք մոտ 10 հարված են հասցրել ավազակային կազմավորումներին: Արդյունքում ոչնչացվել է 7 մարտական դիրք ու քանդվել է 5 շենք, որոնք ԻՊ-ն որպես կենտրոնակայան էր օգտագործում:

Ինչպես հայտնի դարձավ հոկտեմբերի 31-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նորացրել է զգուշացումը ճամփորդության մեկնող քաղաքացիների համար՝ կապված հարձակումների սպառնալիքի աճի հետ «առանձին մարդկանց կամ խմբերի կողմից, որոնք ոգեշնչված են Սիրիայի և Իրաքի հակամարտություններով»:

«Ենթադրվում է, որ աճել է ահաբեկչական գործողությունների հավանականությունը, ուղղված բրիտանացի քաղաքացիների մեծ մասի դեմ: Դուք պետք է զգոն լինեք»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Մինչդեռ, նոյեմբերի 1-ին ամբողջ աշխարհում տեղի կունենան ակցիաներ ի սատարումն քրդերի, որոնք պաշտպանում են Կոբանին ԻՊ գրոհայիններից: Ինչպես գրում են օտարերկրյա ԶԼՄ-ները, մեծ ակցիաներ են նախատեսվում Եվրոպայում: Գերմանիայում միանգամից 16-ի մասին է ծանուցվել: Բացի այդ, հանրահավաքներ կանցնեն Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում ու Հնդկաստանում, հայտնում է «Էխո Մոսկվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---