ԱՄՆ նախագահը գաղտնի նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդին

ԱՄՆ նախագահը գաղտնի նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Համենեիին: Նամակում Օբաման արծարծում է «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցեր և Թեհրանի ու Վաշինգտոնի ընդհանուր շահն այս հարցում:

Նամակի մասին Wall Street Journal թերթին է հայտնել աղբյուրը, որը ծանոթ է նամակի բովանդակությանը: Նամակում խոսք է գնում ԱՄՆ ավիահարվածների մասին Սիրիայում և Իրաքում իսլամիստների դիրքերին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասին: Համենեին ավելի վաղ իր դժգոհությունն էր հայտնել Սիրիայի ու Իրաքի ռմբակոծությունների վերաբերյալ, ինչպես նաև հոռետեսական վերաբերմունքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:

Պարբերականը նշում է, որ վարչակազմում չեն ժխտում նամակի առկայության փաստը:

Իրանն ու ԱՄՆ-ն չունեն դիվանագիտական հարաբերություններ, շփումները կառավարական մակարդակով աննշան են: Նամակի մասին տեղեկությունը հերթական հաղորդագրությունն է, որը վկայում է Թեհրանի և Արևմուտքի երկրների հարաբերությունների ջերմացման մասին: Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Իրանը շուտով կկարողանա դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից, եթե ապացուցի համաշխարհային հանրությանը, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հունսին չբացառեց գործակցությունը Վաշինգտոնի հետ «ԻՊ» դեմ պայքարում:

Նոյեմբերի 9-10-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Իրանի պատվիրակության հերթական հանդիպումը միջուկային ծրագրի շուրջ բանակցողների հետ: Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագվույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Թեհրանը տարբեր մակարդակներում բազմիցս է հայտարարել, որ մինչ նոյեմբերի 24-ը հնարավոր է համապարփակ համաձայնագրի կնքումը միջուկային ծրագրի վերաբերյալ:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---