«Իսլամական պետության» պարագլուխը, հավանաբար, վիրավորվել է, տեղակալը՝ սպանվել

«Իսլամական պետության» պարագլուխը, հավանաբար, վիրավորվել է, տեղակալը՝ սպանվել

PanARMENIAN.Net - Իրաքի Անբար գավառում ավիահարվածի արդյունքում վիրավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին: Այդ մասին գրում է Associated press-ը Իրաքի ուժային կառույցներում չհրապարակվող աղբյուրների վրա հղումով:

Ավիահարվածը հասցվել է իսլամիստների դիրքերին Կաիմ քաղաքի արվարձանում, որտեղ Ալ Բաղդադին հանդիպում էր կողմնակիցների հետ: Թե որքանով են լուրջ ահաբեկիչների վիրավորումները, աղբյուրները չեն նշել:

Twitter-ում ահաբեկիչների ներկայացուցիչ Աբու Մուհամմեդ ալ Ադնանի անունից գրառում է հայտնվել, որը հաստատում է տեղեկությունը, գրում է «Վզգլյադը»: Գրառման հեղինակը նշում է, որ Ալ Բաղդադիի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն ԻՊ ներկայացուցչի մեկնաբանության իրողությունը հնարավոր չէ հաստատել, նշում է պարբերականը:

Պենտագոնում, մինչդեռ, դեռևս չեն հաստատում Ալ Բաղդադիի վիրավորման փաստը: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է Fox news-ին, որ նման տեղեկատվություն ամերիկացիները չունեն: Ըստ պաշտոնյայի մեկնաբանության, իրաքյան ՌՕՈւ հարվածը նպատակ չուներ Ալ Բաղդադիի ոչնչացումը, և նույնիսկ եթե ահաբեկիչը վիրավորվել է, դա պատահաբար է տեղի ունեցել:

Ասվում է նաև, որ իրաքյան ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով Բաղդադից դեպի արևմուտք սպանվել է ծայրահեղական խմբավորման ղեկավարի տեղակալ, Աբու Հազիֆ ալ Յամանի կեղծանունով գրոհայինը: Նրան ոչնչացրել են Էլ Ֆալուջայում:

Բանակային աղբյուրների տեղեկատվության համաձայն, գործողությունն անցկացվել է շաբաթ երեկոյան 8 մեքենաների շարասյան տեղաշարժի վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուց հետո, որտեղ գտնվել է նաև ԻՊ պարագլուխը: Ցամաքային զորքերն ավիացիայի աջակցությամբ ոչնչացրել են շարասյունը: Ալ Յամանիից բացի, որը պատասխանատու էր Էլ Ֆալուջայի բանտերի համար և մեղսակից էր տասնյակ իրաքցի զինվորների սպանությանը, ոչնչացվել է ևս 27 ահաբեկիչ, այդ թվում 11 օտարերկրացի վարձկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, «Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի գերեզմանը և մոտակա մզկիթը Տիկրիտում:

ՆՏՎ-ն իրաքյան ԶԼՄ-ների վրա հղումով հայտնել է, որ ծայրահեղականները մանրակրկիտ էին ականապատել շինությունները և պայթյունն ամբողջապես ոչնչացրել է մզկիթն ու գերեզմանը: Հուսեյն ալ Մաջիդի մզկիթը կառուցվել էր դարասկզբին, որի նախագծի հեղինակն անձամբ Սադդամ Հուսեյնն է եղել:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---