Բաքուն «յուրացնում է» Թուրքիայի պատմությունը. Ադրբեջանցի պատգամավորը զգուշացնում է՝ խայտառակվելու վտանգ կա

Բաքուն «յուրացնում է» Թուրքիայի պատմությունը. Ադրբեջանցի պատգամավորը զգուշացնում է՝ խայտառակվելու վտանգ կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը վաղուց է հայտնի, որպես մի երկիր, որն իրեն է վերագրում ոչ միայն հարևան պետությունների, այլ նաև հեռավոր երկրների պատմական ու մշակութային ժառանգությունը: Բնականաբար, աշխարհագրական հարևանության պատճառով ադրբեջանցի պատմական զեղծարարության առաջին զոհերն Իրանն ու Հայաստանն են:

Օրինակ, պարսիկ բանաստեղծ Նիզամին չգիտես ինչու հանկարծ ադրբեջանցի դարձավ: «Ադրբեջանական» են դարձել պարսկական ու հայկական երաժշտությունն ու ազգային նվագարանները, ազգային կերակրատեսակները, սպորտային խաղերը, ավանդույթները: Այս ամենը դեռ չհաշված երկրի Ադրբեջան անվանումը, որը պարսկական տեղանվան արաբականացված ձևն է:

Բանը հասնում է անհեթեթությունների: Օրինակ, ինտերնետում լայն տարածում է ստացել է ադրբեջանական դպրոցների համար նախատեսված պատմության դասագրքից սկանավորված մի հատված, որտեղ բառացիորեն ասվում է հետևյալը. «Ամերիկայի հայտնաբերման ժամանակ օգտագործվել են ադրբեջանական գիտության նվաճումները: Առաջինը՝ Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումից դեռ 200 տարի առաջ հանճարեղ ադրբեջանցի գիտնական Նասրեդդին Տուսին իր մաթեմատիկական հաշվարկների հիման վրա մատնանշել էր այդ մայրցամաքի գոյությունը: Երկրորդը՝ Կոլումբոսի ուսուցիչ Տոսկանելլին ծանոթ է եղել Նասրեդդինի աշխատություններին ու շատ բան այնտեղից է իմացել: Անկասկած, այն ինչ Տոսկանելլին քաղել է Տուսիից, նա փոխանցել է իր աշակերտին՝ Կոլումբոսին: Այսպիսով ադրբեջանական գիտությունը մեծ ավանդ ունի Ամերիկայի հայտնաբերման գործում»:

Բայց, հավանաբար, այդ ամենը բավարար չէր, և ադրբեջանցի «պատմաբանները» որոշեցին «յուրացնել» նաև ավագ եղբոր՝ Թուրքիայի պատմությունը, հավանաբար, հույս ունենալով, որ Ադրբեջանին, որպես կրտսեր եղբորը, ամեն ինչ կներվի:

Ինչպես գրում է ադրբեջանական « Modern.az » կայքը, Ադրբեջանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում Թուրքիային և այլ երկրներին պատկանող հերոսական դրվագները ներկայացվում են որպես ադրբեջանական ժողովրդի հերոսապատումներ, հիմնականում՝ իբրև Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած հերոսություններ: Ինչպես ասվում է նյութում, «Ռազմական լրագրողներ» ՀԿ-ի ղեկավար, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն անընդունելի է համարել ստեղծված իրավիճակը՝ զգուշացնելով, թե դա կարող է հանգեցնել Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի դժգոհությանը:

«Չէի ցանկանա, որ որոշ ժամանակ հետո թուրքական կողմն Ադրբեջանին մեղադրեր բանագողության համար: Ստացվում է, որ երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար պետական բյուջեից հատկացված միլիոնավոր ֆինանսական միջոցները նպատակին չեն ծառայել: Դասագրքերում պետք է ներկայացվի Ադրբեջանի իրական ռազմական պատմությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանում գտնվեցին ադեկվատ մարդիկ, որոնք հասկանում են, որ պատմություն կեղծելը վտանգավոր բան է:

Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաևը խոստովանել է, որ Ադրբեջանը չունի այդքան հարուստ ռազմական պատմություն, այն սկսվում է միայն 1918-ից, իսկ խորհրդային դարաշրջանի պատմությունը չպետք է Ադրբեջանին վերագրել: «Դասագրքերում պետք է գրել այն, ինչ կա: Ադրբեջանին այլոց պատմությունը վերագրելը մի օր ջրի երես դուրս կգա ու խայտառակ վիճակ կստեղծի», -նկատել է նա:

Բայց, անշուշտ, հազիվ թե կարելի է հուսալ, որ բանականության ձայնը լսելի կդառնա Ադրբեջանում և տեղի պատմաբանները կդադարեն լցնել «հինավուրց Ադրբեջանի» վակուումը հարևանների մշակութային ու պատմական ժառանգությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---