Մաքսային միության տարածքում կարգելվի ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունը

Մաքսային միության տարածքում կարգելվի ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունը

PanARMENIAN.Net - ՌԴ առողջապահության նախարարությանը կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կզբաղվի ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունի արգելման կարգի մշակմամբ: Այդ մասին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը: Խմբում կընդգրկվեն ՄՄ անդամ 3 երկրների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ: ԵՏՀ-ն, ինչպես հայտնի է, Մաքսային միության Միասնական տնտեսական տարածքի կանոնակարգող մարմինն է:

Առողջապահության նախարարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որի նպատակն է համապատասխան համաձայնագրի մշակումը՝ Մաքսային միության շրջանակներում, որպեսզի արգելվի ծամելու և հոտ քաշելու համար նախատեսված թութունի ազատ շրջանառությունը: Տեխնիկական ռեգլամենտը, որը երկար քննարկվեց և ընդունվեց նախորդ շաբաթվա ավարտին, անվտանգության և մակնշման պահանջներ է ներկայացնում ՄՄ-ում: Այդ փաստաթղթում վերոնշյալ թութունի տեսակները չընդգրկվեցին: Արգելքը որոշվեց կիրառել անդամ երկրների միջև լրացուցիչ համաձայնագրով, գրում է «Իզվեստիան»:

ՌԴ առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ արգելքը բխում է նրանից, որ ծխողները չանցնեն սպառման համար ավելի մատչելի (տրանսպորտում, հասարակական սննդի օբյեկտներում չարգելված), սակայն ոչ պակաս վնասակար ծխախոտի տեսակներին:

Ըստ Սալագայի, բազմաթիվ գիտական հետազոտությունները հաստատում են դրա բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա՝ մասնավորապես օնկոլոգիական առումով: «Բացի այդ, այս պահը հարմար է նման արգելքի համար, քանի որ մեր երկրում ծխախոտը նման եղանակով օգտագործողների թիվը քիչ է և կարևոր է թույլ չտալ, որ ծխողներն անցնեն ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունի»,-ասել է նա:

Ըստ աշխատանքային խմբի անդամների, համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի 2015-ին, սակայն լրամշակման և վավերացման համար ևս մեկ տարի կպահանջվի:

«Ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունը մեծ վնաս է հասցնում առողջությանը, նպաստելով բերանի խոռոջի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ստամոքսի խոցի զարգացմանը: Ամենասարսափելին այն է, որ ի տարբերություն ծխախոտի գլանակների, համաշխարհային հանրությունը դեռ միջոց չի մշակել ծամելու կամ հոտ քաշելու եղանակով օգտագործվող թութունի դեմ պայքարելու համար: Ուստի անհրաժեշտ է պայքարի միջոցներ մշակել նաև այս տեսակի թութունի կիրառման դեմ՝ որակելով դրանք հատկապես վտանգավոր, ինչպես դա արդեն արվել է Եվրամիությունում»,-հայտարարել է Ռուսաստանի հակածխախոտային կոալիցիայի համանախագահ Դարյա Խալտուրինան:

Ըստ փորձագետների, ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունը զբաղեցնում է ծխախոտի շուկայի մոտ 1 տոկոսը (ավանդական ծխախոտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 1,1 տրլն ռուբլի), հիմնականում, այն ներկրվում է ՌԴ Շվեդիայից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից: Վերջին տարիներին արձանագրվում է ոչ ավանդական ծխախոտի ներկրման աճ: Միայն 2012-ին Ռուսաստան է ներկրվել 17,5 տոննա արտադրանք, իսկ 2013-ին՝ գրեթե 37 տոննա:

«Հոտ քաշելու համար նախատեսված թութունի սպառողները հիմնականում տարիքով մարդիկ են: Ծամելու համար նախատեսված թութունն ավելի տարածված է երիտասարդների ու միջին տարիքի մարդկանց շրջանում, մարզիկների, որոնց արգելվում է ծխել: Ինչպես նաև ծխող մարդկանց շրջանում, որոնք չեն կարողանում երկար դիմանալ առանց նիկոտինի գնացքում կամ ինքնաթիռում: Միակ խոշոր ծխախոտի ընկերությունը, որի ռուսաստանյան ցանկում կան ծխախոտի այդ տեսակները, Philip Morris International-ն է (PMI), որի Snus by Parliament ծամելու թութունն արգելված է ԵՄ երկրներում»,-ասել է ծխախոտի խանութներից մեկի ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանը համաձայնագիր կնքեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---