ԱՄՆ-ն Ուկրաինային HumVee և հակաականանետային ռադարային համակարգեր կմատակարարի

ԱՄՆ-ն Ուկրաինային HumVee և հակաականանետային ռադարային համակարգեր կմատակարարի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 3 թեթև հակաականանետային ռադարային համակարգ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, դա խմբաքանակի առաջին մասն է։ Ընդհանուր առմամբ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի նման 20 համակարգ: Մյուս 17 ռադարային համակարգը նախատեսվում է փոխանցել առաջիկա շաբաթների ընթացքում։

Այս համակարգերը գրանցում են մոտեցող ականը, արագ որոշում են կետը, որտեղից հակառակորդը կրակ է բացել, և հնարավորություն տալիս պատասխան քայլեր ձեռնարկել: Ուորենը մանրամասնել է, որ սա այս տարի ԱՄՆ կողմից ՈՒկրաինային խոստացված $118 մլն ընդհանուր արժողությամբ օգնության փաթեթի մի մասն է: Այն ներառում է ինչպես առարկայական հատկացումներ, այնպես էլ կրթական ծրագրեր:

Reuters-ն ավելի վաղ հաղորդել է, որ Ուկրաինային հատկացվելու են նաև HumVee զրահապատ մեքենաներ: Գործակալության զրուցակիցները չեն թաքցրել, որ մատակարարվող օգնությունը նախատեսված է անջատողականների հետ երկրի արևելքում պատերազմող զինվորականների համար:

Բացի այդ, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ԱՄՆ իշխանությունները, ի հավելումն 2014-ին հատկացված $1 մլն վարկի, $320 մլն-ի չափով հավելյալ օգնություն են հատկացրել Ուկրաինային:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---