Ռուսաստանը կարող է դուրս գալ ԵԽԽՎ կազմից. Վեհաժողովում առանձնապես մտահոգված չեն

Ռուսաստանը կարող է դուրս գալ ԵԽԽՎ կազմից. Վեհաժողովում առանձնապես մտահոգված չեն

PanARMENIAN.Net - Ռուսական պատվիրակությունը կհեռանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ), եթե վեհաժողովը կրկին քվեարկի ՌԴ լիազորությունները 2015-ին ևս սահմանափակելու օգտին: Այսպես են ռուս խորհրդարանականները պատասխանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկու հայտարարությանը, որը հնարավոր է համարում, որ պատվիրակության լիազորությունները չվերականգնվեն, իսկ վեհաժողովը չի պարտադրի Ռուսաստանին իր գործակցությունը: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի այդ կազմակերպության կարգավիճակը՝ սահմանափակելով Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորումը խորհրդարանական գործունեության գծով, և սկսի ավելի ակտիվ աշխատել եվրոպական այլ խորհրդարանական կառույցների հետ, գրում է «Իզվեստիա» թերթը:

«Ամեն տարի հունվարին վեհաժողովում հաստատվում են յուրաքանչյուր խորհրդարանական պատվիրակության լիազորությունները, ինչը պատվիրակությանը պաշտոնապես իրավունք է տալիս աշխատելու ԵԽԽՎ շրջանակում: Սակայն, պատահում է, որ որևէ պատվիրակության լիազորությունները կասկածի տակ են առնվում: Եթե նկատի ուենանք Ռուսաստանին առնչվող ԵԽԽՎ ապրիլյան բանաձևը, ապա կարելի է ենթադրել, որ հունվարին դա տեղի կունենա նաև ՌԴ պատվիրակության դեպքում»,-հայտարարել է Վոյցեխ Սավիցկին՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն չի պարտադրի Ռուսաստանին իր գործակցությունը:

Սավիցկին նշել է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը հեռանա վեհաժողովից, չի կարող հրաժարվել ֆինանսավորումից, քանի որ երկիրն ընդհանուր անդամավճար է մուծում Եվրոպայի խորհրդին, իսկ այդ կառույցում Ռուսաստանը շահագրգռված է: Ուստի, նրա խոսքով, եթե ՌԴ պատվիրակությունը հրաժարվի համագործակցությունից, դա ոչ մի բանի վրա չի ազդի:

Ընթացիկ տարվա ապրիլին ռուսական պատվիրակությունը հեռացավ ԵԽԽՎ նստաշրջանից որպես բողոքի նշան իր դեմ ընդունած բանաձևին, որի համաձայն նրա լիազորությունները կասեցվել են մինչև 2014- ավարտը: Այդ թվում ՌԴ պատվիրակությունը զրկված է խոսքի իրավունքից՝ ՌԴ դիրքորոշումը հայտնելու, մշտական և նախագահական կոմիտեներում ներկայացված լինելու, ինչպես նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից:

«Բավականին տարօրինակ է, որ գլխավոր քարտուղարը, որը պատասխանատու է վեհաժողովի աշխատանքի կազմակերպչական մասի համար, անում է նման հայտարարություն, նույնիսկ ձայնի իրավունք չունենալով: Կարծես հող է նախապատրաստում պատժամիջոցները կրկնելու համար: Դա դուրս է գլխավոր քարտուղարի գործառույթներից»,-հայտարարել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը` նշելով, որ ՌԴ լիազորությունների մասին որոշումը կայացնելու է ոչ թե Սավիցկին, այլ վեհաժողովի բոլոր պատվիրակությունների պատգամավորները:

«Ինձ համար դժվար է պատասխանել ՌԴ ամբողջ պատվիրակության անունից: Իմ անձնական կարծիքով, եթե ԵԽԽՎ-ն կրկին որոշի սահմանափակել մեր լիազորությունները, հավանաբար, հարկ կլինի հարց բարձրացնել այդ կազմակերպությանը մեր անդամակցության նպատակահարմարության մասին: Եթե հիշում եք, ապրիլին պատգամավորներն ու սենատորներն արդեն տվել են այդ հարցը՝ արդյո՞ք հարկ կա մնալ մի հարթակում, որն օգտագործվում է Ռուսաստանին «հալածելու» համար»,-ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Ջաբարովը: Ըստ նրա, պետք է հույս ունենալ, որ խելամտությունը կհաղթանակի, հակառակ դեպքում ԵԽԽՎ-ն կկորցնի իր կշիռը Ռուսաստանում:

Ըստ Ջաբարովի, նա չի հավատում, որ վեհաժողովը մտադիր է վերականգնել ՌԴ լիազորությունները, ակնհայտ է ընդհանուր տրամադրվածությունը ոչ թե վերականգնել դրանք, այլ էլ ավելի խստացնել պատժամիջոցները: 2014-ի ապրիլին ԵԽԽՎ-ն զրկեց ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից: Կողմ քվեարկեց ԵԽԽՎ 145 անդամ ներկա 188-ից:

Բանաձևում ուղղում կատարվեց, որով արգելվում է Ռուսաստանին մասնակցել ԵԽԽՎ ղեկավար մարմինների ու դիտորդական առաքելությունների աշխատանքին:

Բանաձևի քննարկման ժամանակ որոշ պատվիրակներ պնդում էին, որ պատվիրակության լիազորությունները կասեցվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---