Մարդասպան Զեյնալովի դատավճիռն ուժ մեջ կմնա. Նա 17 տարի կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում

Մարդասպան Զեյնալովի դատավճիռն ուժ մեջ կմնա. Նա 17 տարի կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Գերագույն դատարանը օրինական է համարել ադրբեջանցի Օրհան Զեյնալովի դատավճիռը, որը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման մոսկվաբնակ Եգոր Շչերբակովի սպանության համար: Երիտասարդի սպանությունը զանգվածային անկարգությունների պատճառ դարձավ Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո շրջանում:

Նոյեմբերի 27-ին հրապարակվեց Գերագույն դատարանի որոշումը դատապարտյալի բողոքարկման վերաբերյալ: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտավ: Առաջիկայում Զեյնալովը կտեղափոխվի դատավճիռը կրելու վայրը, հայտնում է Ինտերֆաքսը:

Իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարեց, որ մտադիր չէ բողոքարկել Գերագույն դատարանի բողոքարկման կոլեգիայի այս որոշումը, սակայն խնդրում է դատարանին մեղմացնել ավելի վաղ հրապարակված դատավճիռը: Նրա խոսքն ադրբեջաներենից թարգմանվել է ռուսերեն: Իր մեղքը նա չի ճանաչել:

Զեյնալովի փաստաբանները պնդել են, թե առաջին ատյանի դատարանը սխալ է որակել դատապարտյալի գործողությունները: Նրանց կարծիքով, նախնական քննության ժամանակ և դատավարության ընթացքում թույլ են տրվել ընթացակարգային խախտումներ, իսկ Մոսկվայի քաղաքային դատարանը «տեղի է տվել հասարակության տրամադրություններին»:

Դատախազը խնդրել է անփոփոխ թողնել դատավճիռը, քանի որ «Զեյնալովն իր գործողություններում չի առաջնորդվել որևէ լուրջ դրդապատճառով, քանի որ Շչերբակովի կողմից նրան ոչինչ չէր սպառնում»:

Հուլիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտեց Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում Եգոր Շչերբակովի միտումնավոր սպանության համար: Դատավոր Նիկոլայ Տկաչուկը մասամբ բավարարեց տուժածի հոր քաղաքացիական հայցը և դատապարտյալից որպես փոխհատուցում գանձեց 3 մլն ռուբլի:

Որոշում կայացնելիս դատավորը խոստովանել է, որ մեղադրյալը կարող է ուղղվել միայն պատիժը կրելով խիստ ռեժիմի գաղութում: Դատավճռի հրապարակումից հետո դատավորը հետաքրքրվել է, թե հասկանլի է արդյոք դատավճիռը մեղադրյալի համար, վերջինս պատասխանել է. «Անհասկանալի է, ես անմեղ եմ»:

Ինչպես ասվում է դատավճռում, ամբաստանյալի մեղքը հաստատել են վկաների ցուցմունքները, բանակցությունների վերծանումը, դիտարկման տեսախցիկի տեսագրությունը, փորձագետների եզրակացությունները: Դատավորը նաև եկել է այն եզրակացության, որ Զեյնալովի գործողությունները միտված էին Շչերբակովի սպանությանը, այլ ոչ թե ինքնապաշտպանական բնույթ էին կրում, ինչպես պնդում էին մեղադրյալն ու նրա պաշտպանությունը: Դատարանը հաշվի է առել, որ Շչերբակովը հանդիպել է Զեյնալովին այն բանից հետո, երբ կինը, որին վերջինս հետապնդում էր, կարողացել է թաքնվել շենքի մուտքում: Միևնույն ժամանակ դատապարտյալի հարազատները բնութագրել են նրան որպես շուտ բռնկվող և բռնության հակում ունեցող անձի: Դա հաստատել է նաև հոգեբանական փորձաքննությունը:

Եգոր Շչերբակովի սպանությունը կատարվել է 2013 թ. հոկտեմբերի 10-ին: Ըստ քննության, գիշերը ժամը 2-ին մոտ Եգոր Շչերբակովը տուն էր վերադառնում ընկերուհու հետ: Շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում էր Շչերբակովը, նրան է մոտեցել մի անհայտ տղամարդ, որը վիրավորել է աղջկան: Տղամարդկանց միջև լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Շչերբակովը դանակով հարված է ստացել սրտի շրջանում: Հարձակվողը փախուստի է դիմել և հեռացել է հանցագործության վայրից:

Թաղամասի բնակիչների շրջանում անկարգությունների ալիք բարձրացավ: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Վրդովված մարդիկ ջարդեցին բազայի դարպասները, վնասեցին սառնարանները, կոտրեցին կայանած մեքենաները, ջախջախեցին ձմերուկների առևտրի տաղավարը:

Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման ենթարկեցին Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի էին խոստացել ՆԳՆ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---