Կրտսեր Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է Grammy-ի

Կրտսեր Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է Grammy-ի

PanARMENIAN.Net - Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի (կրտսեր) մասնակցությամբ Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է Grammy մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:

Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որն էլ Օրբելյանը ղեկավարում է:

Grammy 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015-ի փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգում:

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ Grammy-ն, հիմնադրվել է 1958-ի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։Grammyամենամյա մրցանակը պարգևատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։

Կոնստանտին Օրբելյանը դիրիժոր է, Մոսկվայի կամերային նվագախմբի և Ռուսաստանի ֆիլհարմոնիայի երաժշտական տնօրեն, Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրը և երաժշտական տնօրեն և ռուսական այլ հռչակավոր նվագախմբերի հաճախակի հյուր: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։

Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Շրջագայում է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում և ռուսական աստղերի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, և այդ հիանալի համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա և ամբողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---