Ռուբլու կտրուկ անկման պատճառով ՌԴ-ն շոփինգի համաշխարհային կենտրոն է դարձել

Ռուբլու կտրուկ անկման պատճառով ՌԴ-ն շոփինգի համաշխարհային կենտրոն է դարձել

PanARMENIAN.Net - Ռուբլու կտրուկ անկումը շոփինգի համաշխարհային կենտրոնի է վերածել Ռուսաստանը հարևան երկրների բնակիչների համար: Քանի որ մյուս երկրների արժույթն այդքան չի նվազել, որքան ռուբլունը, իսկ խանութները վերանայում են գները ուշացումով, միևնույն ապրանքը շատ ավելի էժան կարելի է գնել ռուսաստանցի ռիթեյլերների մոտ, քան, օրինակ, Բելառուսում կամ Ղազախստանում:

Ըստ UCS-ի, Ռուսաստանում խոշորագույն պրոցեսինգային ընկերություններից մեկում նոյեմբերին կտրուկ աճել են Հայաստանից, Չինաստանից, Բելառուսից, Ղազախստանից և այլ արտասահմանյան երկրներից հաճախորդների գնումները: Օրինակ, հայերը 123,64 տոկոսով ավելի են ծախսել, քան 2013-ի նոյեմբերին, չինացիները՝ 85,73 տոկսով, բելառուսները՝ 78,31 տոկոսով, ղազախները՝ 32,51 տոկոսով: ԱՄՆ բնակիչները, հակառակը, կրճատել են «ռուսական շոփինգի» ծախսերը՝ 6,12 տոկոսով:

Ընդ որում, Բելառուսի ու Ղազախստանի բնակիչներին հիմնականում հետաքրքրում էր տեխնիկան՝ գնումների արժեքն աճել է միանգամից 123,1 և 121,85 տոկոսով համապատասխանաբար: Չինացիներն ավելի շատ ոսկերչական իրեր ու ժամացույցներ են գնում՝ աճը եղել է 3,9 անգամ, գրում է NEWSru.com-ը:

Ըստ ChronoPay պրոցեսինգային ընկերության տվյալների, Ղազախստանում տրված քարտերով առցանց գնորդները նախորդ ամիս 140 տոկոսով ավելացրել են ծախսերը 2013-ի նոյեմբերի համեմատ (տրանզակցիաների քանակն ավելացել է 27 տոկոսով), իսկ բելառուսական քարտերով՝ 29 տոկոսով (տրանզակցիաները՝ 37 տոկոսով): Միջին չեկը մոտ 3,7 հազար ռուբլի է, աճը զգալի չէ: Տրանզակցիաների գծով առաջատարը տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութներն են: Ըստ «Պետրոկոմերց» բանկի հաշվարկների, բելառուսներն ու ղազախները երկու ամսում ընդհանուր առմամբ 1,5 անգամ ավելի են ծախսել, աճել է նաև տրանզակցիաների թիվը:

Բելառուսներն ու ղազախներն ակտիվորեն ավտոմեքենաներ են գնում՝ հոկտեմբերի վերջից նրանք կազմել են ընդհանուր գնումների 60 տոկոսը, հաստատում են «Ռոլֆ» ընկերությունում:

Դոլարի և եվրոյի փոխարժեքը դեկտեմբերի 17-ին նորացրեց իր ռեկորդային ցուցանիշները: Ըստ ԿԲ-ի, եվրոյի փոխարժեքը դեկտեմբերի 17-ին 76,15 ռուբլի է, դոլարինը՝ 61,15 ռուբլի:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլու կտրուկ թուլացման ու արժեզրկման սպասումների աճի ֆոնին դեկտեմբերի 16-ից բարձրացրեց առանցքային տոկոսադրույքը (որը Ռուսաստանում հավասար է վերաֆինանսավորման տոկոսադրույքին) 10.5 տոկոսից միանգամից մինչև 17 տոկոս:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Մինչ օրս դրամը թուլացել է ևս 17 կետով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---