ԿԲ նախագահ. Կպատժենք այն բանկերին, որոնք կհրաժարվեն սպասարկել հաշիվները և ավանդները (թարմացված)

ԿԲ նախագահ. Կպատժենք այն բանկերին, որոնք կհրաժարվեն սպասարկել հաշիվները և ավանդները (թարմացված)

PanARMENIAN.Net - ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ իրավիճակը փոխվել է, ինչի պատճառների մասին խոսել չի ցանկանում:

«Նպատակս է մի քանի անժխտելի փաստ ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,- արձանագրել է ԿԲ նախագահը՝ հորդորելով զերծ մնալ փոխարկումներից, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց, գրում է Tert.am-ը:

Արթուր Ջավադյանը նաև հայտարարել է, որ տիրապետում են գնաճի զսպման բոլոր միջոցներին: Նրա խոսքով՝ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ «պղտոր ջրում ձուկ որսացողները» պատժվելու են:

Մինչև այդ ֆինանսական շուկայում իրավիճակի մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:

«Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար:

Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ ԿԲ-ն անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»,- ասվում է հայտարարությունում:

Մինչ այդ, Արթուր Ջավադյանը նշել է, որ ՀՀ-ում առևտուր իրականցվում է ՀՀ դրամով, և ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին պարտադրելում վճարել արտարժույթով: Անդրադառնալով բանկային համակարգին՝ ԿԲ նախագահը վստահեցրել է, որ այսօր այն հուսալի է և կայուն: Բանկերը կարող են կատարել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Կենտրոնական բանկը կպատժի այն դեպքում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները:

«Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին ունենք մոտ 3.5 ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,- ասել է նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը փող ունեն, ուղղակի այդ փողի մի մասը Հայաստանում է, մի մասը՝ դրսում, եթե նույնիսկ ՀՀ-ում բոլորը որոշեն փոխարկել իրենց դրամն այլ արժույթով, իրենք այդ հնարավորությունն ունեն:

Հարցին, թե ինչ է անում ԿԲ-ն այդ խուճապը վերացնելու համար, գլխավոր դրամատան նախագահը պատասխանել է. «Ժամանակավոր հայտարարել ենք նոր խաղի կանոններ, օրական վաճառք է իրականացվում, հետո վերադառնալու ենք մեր բնականոն ռիթմին: Այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը: Բորսայում բանկերն են լինելու ակտիվ: Մեր ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, ինդիվիդուալ աշխատանքներ ենք տանում բանկերի հետ: Ի վերջո այս վիճակի վերջնական կրողը լինելու են բանկերը: Առաջին շահագրգիռը հենց առևտրային բանկերն են, որ այս վիճակը կայունանա»:

Ինչ վերաբերում է գների չարաշահումներին, ապա Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ 16 վարչական վարույթ են սկսել արդեն:

«Մեր բոլոր պատժամիջոցները հրապարակում ենք, եղել են նաև դիմումներ աշխատանքից ազատվելու մասին: Վերահսկում ենք ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներին: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, հայտնաբերում և պատժում ենք: Եթե գլխատումների եք սպասում, դա մեր գործը չէ»,- նշել է նա:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 17-ի համար ԿԲ-ն$1-ի դիմաց սահմանել է 527,20 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է միանգամից 36.86 կետով:1 եվրոյի դիմաց սահմանվել է 656,94 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 42,74 կետով: Իսկ ռուսական ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել 0.24 կետով՝ 7,46 դրամ:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի արժույթին, ԿԲ նախագահը նշել է, որ հաշվարկները կան, մարդիկ կենսաթոշակ են ստանալու ՀՀ դրամով, եթե ապագայում արժեզրկում լինի, այդ շահութաբերությունն ավելանալու է:

«Կուտակայինի ֆոնդային ընկերությունները տոկոսադրույքներն ավելացնելու են: Այդտեղ ռիսկը բացակայում է»,– ասել է նա:

Անդրադառնալով բյուջեի ծախսերին, Ջավադյանը նշել է, որ բյուջեի սպասարկումը դրա վրա ավելի ծանր բեռ չի նախատեսելու:

Կարդացեք նաև՝ ՀՀ բանկերը դոլարն արդեն վաճառում են 549-ից 565, եվրոն՝ 687-760 դրամով

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---