ԱՄՆ-ն և Կուբան վերականգնում են հարաբերությունները կես դար անց

ԱՄՆ-ն և Կուբան վերականգնում են հարաբերությունները կես դար անց

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վերականգնում է լիարժեք դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և մտադիր է դեսպանություն բացել ԱՄՆ-ում ավելի քան կես դար անց:

Այդ մասին հայտնում է The New York Times-ը ԱՄՆ կառավարական կառույցներում աղբյուրների վրա հղումով: Հարաբերությունների վերսկսումը 18-ամսյա գաղտնի բանակցությունների արդյունք է, որոնք ընթացել են Կանադայի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի միջնորդությամբ: Հռոմի պապն է կազմակերպել բանախոսների վճռական հանդիպումը Վատիկանում: ԱՄՆ նախագահ Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հեռախոսազրույցում հաստատել են տասնամյակների վիրավորանքները մի կողմ թողնելու ու ամերիկա-կուբայական հարաբերություններում նոր դարաշրջան սկսելու պատրաստակամությունը:

Կարգավորման վերջին խոչընդոտը ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսին ազատ արձակելու հարցն էր, նրան ձերբակալել էին Կուբայում 5 տարի առաջ և դատապարտել էին 15 տարվա ազատազրկման արբանյակային սարքավորումների ապօրինի առաքումների համար: Գրոսն ազատ արձակվեց, առաջիկայում Ֆլորիդայում ազատ կարձակվեն երեք կուբացիներ, որոնք ձերբակալվել էին լրտեսության համար: Իսկ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հանդես կգա Հավանայի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին պաշտոնական հայտարարությամբ, գրում է BBC-ին:

ԱՄՆ նախագահ Օբաման հեռուստաուղերձում հայտարարել է, որ կես դար տևած պատժամիջոցներն ու շրջափակումն ավարտվեցին ամերիկյան քաղաքականության հաջողությամբ: ԱՄՆ-ն հանում է զբոսաշրջության, դրամական փոխանցումների ու միջբանկային հաշվարկների բոլոր սահմանափակումները: Կուբան ազատ կարձակի 53 քաղբանտարկյալի: Առևտրային էմբարգոն դեռ մնում է, սակայն Օբաման կոչ է արել լրջորեն քննարկել այդ հարցը:

Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցներն, այդ թվում՝ առևտրի էմբարգոն, սահմանվել են 1961 թվականին, հեղափոխությունից և կղզում ԱՄՆ քաղաքացիների ու ամերիկյան ընկերությունների սեփականության պետականցումից հետո: Մինչ ԽՍՀՄ փլուզումը հանրապետությունը եղել է Մոսկվայի հովանու տակ, փաստացի Մոսկվան էր պահում «Ազատության կղզին»: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսական վիճակը կղզում վատթարացավ, սակայն ԱՄՆ հետ հարաբերությունները չկարգավորվեցին. Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ նրա եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի ղեկավարությամբ, կղզին գտնվում է հակաամերիկյան արբանյակում, հիմնականում, Վենեսուելայի և նրա հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի շնորհիվ:

Ամռանը կղզի այցելեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներելով Հավանային 30 մլրդ դոլար խորհրդային տարիների պարտքը: Ենթադրվում էր, որ փոխարենը Ռուսաստանը կրկին կվերադառնա կղզի, մասնավորապես, կվերահսկի Լուրդեսի ռադիոէլեկտրոնային կենտրոնը Հավանայի մոտակայքում, որը ԽՍՀՄ տարիներին թույլ էր տալիս «լսել» խոսակցություններն ԱՄՆ տարածքի մեծ մասում: Սակայն ավելի ուշ տեղեկատվությունը նման պայմանավորվածության մասին հերքեց անձամբ Պուտինը:

 Ուշագրավ
---