2015-ին ՀԲ-ն Հայաստանին 75 միլիոն դոլար կհատկացնի

2015-ին ՀԲ-ն Հայաստանին 75 միլիոն դոլար կհատկացնի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը դեկտեմբերի 19-ին ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել, որ 2015-ի ընթացքում կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար:

«2014-ի ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը», - ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, - «2015-ի առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելցման հեռանկարով, քանի որ 2014-ի ընթացքում հաստատված 5 նոր ծրագիրը ևս կսկսի գործել ու տեսանելի արդյունքներ կապահովի հայ ընտանիքների համար»,- ասվում է ՀԲ երևանյան գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

2014-ը ավարտին է մոտենում, և այս պահին իրականացման ակտիվ փուլում է գտնվում Համաշխարհային բանի 13 ճյուղային ծրագիր, որոնց արդյունքում`

• գյուղական բնակչության 60%-ի համար ապահովվել են հասանելի ճանապարհներ տարվա բոլոր եղանակներին

• ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով

• վերջին 4 տարվա ընթացքում եռապատկվել է համակարգիչներից օգտվողների թիվը

• բացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և խթանվել է ձեռնարկատիրական նորարարությունը հյուսիս-արևելյան շրջաններում

• համայնքային ենթակառուցվածքներին ուղղված 290 փոքր ծրագրի շրջանակում ձևավորվել է 584.160 ժամ աշխատանքի հնարավորություն, որի դիմաց վարձատրությունը կազմել է 8,9 միլիոն ԱՄՆ դոլար

• գյուղական համայնքներում կառուցվել ու վերանորոգվել է 100 բժշկական կենտրոն

• 200 պետական բժշկական կենտրոն ապահովվել է ստանդարտ բժշկական սարքավորումներով, պարագաներով, կահույքով և տեխնիկայով

• վերանորոգվել ու կառուցվել, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ու կահույքով ապահովվել են 10 մարզային բժշկական կենտրոններ

• իրականացվել է նախակրթարանների հետ կապված 337 փոքր ծրագիր, որոնց շահառուների թիվը կազմում է ավելի քան 8.000 երեխա

• օգնություն է ցուցաբերվել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապ ապահովելու հարցում:

Օրերս Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է 2014-ի ընթացքում հավանության արժանացած 5 ծրագրից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը (SPAP2) և Կրթական բարելավումների ծրագիրը (EIP): Ակնկալվում է, որ մյուս 3 նոր ծրագիրը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը (CARMAC2), լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը և Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն 2015-ի սկզբներին և կհամալրեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շարքը: Այս ծրագրերը, միասին վերցրած, ապահովում են շուրջ 170 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համայնքներում շոշափելի դրական տեղաշարժեր կատարելու համար:

«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: 2014-ի գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա », - ասել է Բեյլին:

Համաշխարհային բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչև վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր: Վերջինը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր է երկարաժամկետ հեռանկարում: Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015-ի ընթացքում: Հաջորդ տարի բանկը նաև կֆինանսավորի Զարգացման քաղաքականության երրորդ գործառնությունը (ԶՔԳ), որի ներքո ավարտին կհասցվեն քաղաքականության բարեփոխումների աջակցմանն ուղղված ընթացիկ գործառնությունները և կհստակեցվի հետագա աջակցության վերաբերյալ քննարկումների տիրույթը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---