Հալեպում այս տարի 110 հայ երեխա է ծնվել

Հալեպում այս տարի 110 հայ երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը հոգևորականների հետ: Հանդիպման ժամանակ Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը շնորհավորել և նվերներ է հանձնել 2014-ին ծնված շուրջ 110 հալեպահայ ընտանիքներին: Ինչպես հայտնում է Kandzasar թերթը, արքեպիսկոպոսը նշել է, որ համայնքը պետք է համախումբ լինի և «երկրի ներկա դժվարին պայմանները միասնաբար, ձեռք-ձեռքի տալով և իրար նեցուկ կանգնելով պիտի հաղթահարի»:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100 հայ է զոհվել: Հալեպի հայկական թաղամասերը բազմիցս են ռմբակոծվել և հրթիռակոծվել: Քանդվել և թալանվել է համայնքի նյութական գույքը, հայերից ոմանք առևանգվել են փրկագին ստանալու նպատակով: Մարտին հայաբնակ Քեսաբը գրոհայինների հարձակմանն ենթարկվեց Թուրքիայի կողմից՝ մոտ 3 հազար հայ բնակիչները ստիպված եղան հեռանալ քաղաքից և վերադարձան միայն 2014-ի ամռանը, երբ քաղաքը ետ վերցվեց:

Երկրում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրին Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը և պղծեցին Ռաքքայի հայկական եկեղեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---