Ֆրանսիայի ՍԴ անդամը գործարքի մեջ է եղել Անկարայի հետ Ցեղասպանության ժխտման քրեականացման քննարկման ժամանակ

Ֆրանսիայի ՍԴ անդամը գործարքի մեջ է եղել Անկարայի հետ Ցեղասպանության ժխտման քրեականացման քննարկման ժամանակ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի անդամ Հուբերտ Հանելը 2012 թ., երբ Ֆրանսիայի խորհրդարանն օրենք ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, նամակագրական կապի մեջ է եղել Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Յաշար Յակիշի հետ և հավաստիացրել է նրան, որ փաստաթուղթը իրավաբանական ուժ չի ստանա:

Ինչպես գրում է Nouvelles-d’Armenie-ին, Հանելը նաև Բոսֆորի համալսարանի անդամ է, որը թուրքամետ լոբբիստական կազմակերպություն է: Հանելի և Յակիշի նամակագրությունը սկսվել է խորհրդարանի երկու պալատներում օրենքի ընդունումից հետո, երբ այն ուղարկվեց Սահմանադրական դատարան: Մասնավորապես, փետրվարի սկզբին Յակիշը գրել է Հանելին, որ ուրախ է, որ «գործը գտնվում է հուսալի ձեռքերում»: Հանելը պատասխանել է, որ նույն զգացողությունն ունի: «Մենք 30 օր ունենք: Վիճակը նետված է»,-գրել է նա: Փետրվարի 28-ին Հանելը գրել է Յակիշին, որ «դատարանի որոշումը կայացվելու է ժամը 5-ին: Վստահ եմ, որ դուք չեք հիասթափվի»: Յակիշը պատասխանել է, որ վստահ է, որ դատավորի այս խոսքերից հետո դատավճիռը նպաստավոր կլինի թուրքական կողմի համար:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամը՝ կոչ անելով ազատել դատավորին աշխատանքից և հետաքննել թուրքական լոբբիստի հետ նրա կապը, գրում է Asbarez-ը: «Նամակագրությունն ապացուցում է դավադրության հասնող գործարքի առկայությունը Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյայի և օտարերկրյա պետության հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

2014-ին ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց 20-րդ դարում մարդկության դեմ գործած ոճրագործությունների ու ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոսթի ժխտումն է պատժելի:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նաև գործող նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---