Յուրաքանչյուր անհատ նախ և առաջ կոնկրետ ազգի ներկայացուցիչ է. Փարաջանովը կդառնար 91 տարեկան

Յուրաքանչյուր անհատ նախ և առաջ կոնկրետ ազգի ներկայացուցիչ է. Փարաջանովը կդառնար 91 տարեկան

PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 9-ին 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 91 տարեկան: Թբիլիսիում ծնված Փարաջանովը մանկուց նկարում էր, ջութակ ու դաշնամուր նվագում: Դպրոցական տարիներին նաև բալետի ստուդիա ու դրամատիկական խմբակ էր հաճախում: 1942–45-ը սովորում էր Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, այնուհետև 1951-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը, որտեղ որպես դիպլոմային աշխատանք է ներկայացրել «Մոլդովական հեքիաթ» ֆիլմը: 1949-ից Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952-ից՝ բեմադրող-ռեժիսոր:

1955-ին Փարաջանովը նկարահանել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» ֆիլմը, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»:

Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվեց աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացավ: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսեց աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Փարաջանովն և մշակույթի ու գիտության մի շարք այլ գործիչներ նամակ գրեցին կուսակցական և պետական բարձրագույն ատյաններ. բողոքեցին 1960-ական թվականներին Ուկրաինայում մտավորականների համատարած բանտարկությունների համար:

1966-ին Փարաջանովին հրավիրեցին աշխատելու Հայֆիլում: 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով հաստատվեց ռեժիսորրի արվեստի ինքնատիպությունը:

«Յուրաքանչյուր անհատ նախ և առաջ կոնկրետ ազգի ներկայացուցիչ է, հետևաբար, նա պետք է ծառայի իր ժողովրդին, ապրի նրա հոգսերով, սպեղանի լինի նրա ցավերին: Եթե տաղանդ ունես, ապա չպետք է մոռանաս, որ այդ ամենը ժառանգել ես քո ծնողներից, քո ժողովրդից՝ որպես ընծա, պարգև: Դու ոչինչ չես արել ունենալու այն, ինչ ստացել ես, հետևաբար, իսկապես մեծ ես այն ժամանակ, եթե կրկնապատկած, բազմապատկած վերադարձնես ի վերուստ շնորհվածը»,- ասում էր նա:

Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվեց 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: Ազատ արձակեցին 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ, նա վերադարձավ Թբիլիսի: 1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

Փարաջանովը մահացավ քաղցկեղից՝ Երևանում, 1990-ի հուլիսին:

Ռեժիսորին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է Փարաջանովի տուն-թանգարանը, որտեղ հավաքված են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանեց Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Photo: M. Vartanov / Parajanov-Vartanov Institute
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---