Գյումրիում 6 անձի սպանության վայրը զննել են․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է դեպքը

Գյումրիում 6 անձի սպանության վայրը զննել են․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է դեպքը

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

Դրանք պատկանում են Պերմյակով ազգանունով անձին, որը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել ժամը 03։05-ի սահմաններում, մահվան պատճառ են դարձել հրազենից արձակված կրակոցները։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվել և կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու, կասկածվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի արյունալի սպանության վերաբերյալ։ Այն տեղադրված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում։ Մեկնաբանությունում նշվում է․

«Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք Գյումրիում խաղաղ ընտանիքի դեմ հանցագործության փաստով։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Վիրավորված փոքրիկին շուտափույթ ապաքինում ենք մաղթում։

Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ աջակցությունն են ցուցաբերում, որ այս ողբերգության մեղավորներն ամենախիստ պատիժը ստանան»,- նշված է մեկնաբանությունում։

Մինչ այդ կայացել է ՀՀ ու ՌԴ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ևՍերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Զրուցակիցները կարևորել են Գյումրիում սպանության գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների գործակցությունը։

Սերգեյ Լավրովն իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։

ՀՀ ու ՌԴ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն նույնպես հեռախոսազրույց են ունեցել: Վերջինս անթույլատրելի է համարել տեղի ունեցածն ու դատապարտել կատարված հանցագործությունը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշել է, որ միջադեպը քննելու համար ՌԴ-ից հատուկ հանձնաժողով կուղարկվի:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի մեկ այլ գրառման, նախարար Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի, որտեղ կհանդիպի Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամներին:

Ավելի վաղ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպմանը ևս երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել Գյումրիում դաժան սպանության կապակցությամբ:

Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունն ու նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին գործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:

Կարդացեք նաև՝ Ընտանիքի սպանություն Գյումրիում. Գործով զբաղվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---