Թուրքիան հրաժարավել է ստորագրել հակասեմականության դեմ համաեվրոպական հռչակագիրը

Թուրքիան հրաժարավել է ստորագրել հակասեմականության դեմ համաեվրոպական հռչակագիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Պրահայում ստորագրվել է հակասեմականության դեմ համաեվրոպական հռչակագիրը: Այս խորհրդանշական ժեստով է ավարտվել Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվան և Օսվենցիմի ու Տերեզինի նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-ամյակին նվիրված Չեխիայի կառավարության և Եվրոպայի հրեական կոնգրեսի կազմակերպած խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցել են 30 եվրոպական երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, որոնցից 29-ը ստորագրել է հռչակագիրը:

Թուրքիայի ներկայացուցիչը միակն էր, ով ձեռնպահ մնաց, հայտնում է Jewish.ru-ն:

«Հակասեմականության ժամանակակից դրսևորումներն են Հոլոքոսթի իրադարձությունների խեղաթյուրումը կամ ժխտումը, որի նպատակն է վնասել աշխարհի հրեաներին և Իսրայել պետությանը: Խորհրդարանները, կառավարությունները, միջազգային ու հասարակական կազմակերպությունները պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ այդ ֆենոմենի հարցում»,-ասվում է հռչակագրում: Ստորագրված հռչակագիրը Եվրոպայի հրեական կոնգրեսի ծրագրի մի մասն է, որով նախատեսվում է առաջ տանել «Եվրոպայում հակասեմականության, ռասիզմի ու դավանանքի ազատությունը սահմանափակելու փորձերին» առնչվող օրենսդրությունը:

Մինչդեռ միջազգային կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայում նկատվում է հակասեմականության աճ, այդ ցուցանիշով երկիրն առաջ է անցել նույնիսկ Իրանից:

Հակադիֆամացիոն լիգայի հետազոտությունը, որն անցկացվել է 102 երկրներում և 53100 մարդու շրջանում, ցույց է տվել, որ Թուրքիան 17-րդ տեղում է հակասեմական տրամադրություններով երկրների ցանկում: Ըստ հետազոտության, թուրքերի 60 տոկոսը կիսում է հակասեմական տրամադրությունները, այն դեպքում, երբ աշխարհում միջին ցուցանիշը 26 տոկոս է: Իրանում, ըստ Էրդեմիրի, հակասեմական տրամադրություններ ունի բնակչության 56 տոկոսը:

Թուրքիայում մոտ 15 հազար հրեա է ապրում, որը նույնիսկ բնակչության մեկ տոկոսը չի կազմում: Հակասեմականությունը Թուրքիայում աճում է մասնավորապես նաև մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին: Նորագույն պատմության մեջ հակասեմականության ամենամեծ աճը գրանցվել է Արդարության ու զարգացման կուսակցության օրոք: Ամենավառ դրվագներից էր բախումը «Մավի Մարմարա» նավի շուրջ, որը Իսրայել էր ուղևորվում հակառակ իսրայելյան կողմի արգելքի ու գրոհի ենթարկվեց Իսրայելի կողմից: Որոշ ազգայնական հրապարակախոսներ պնդում են, որ քրդական աջատողականությանը սատարում են հրեաները, որոնք երազում են Մեծ Իսրայել ստեղծել Թուրքիայի տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---