Սիրիական ընդդիմությունը 10 պահանջ է ներկայացրել Դամասկոսին

Սիրիական ընդդիմությունը 10 պահանջ է ներկայացրել Դամասկոսին

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը 10 պահանջ է ներկայացրել Դամասկոսին, որոնց քննարկումը կսկսվի հունվարի 28-ի երկրորդ կեսին, հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը սիրիական ընդդիմադիր «Ալ Վաթան» կուսակցության ներկայացուցիչ Մաջեթ Նիյազիի վրա հղումով:

«Այսօր առավոտյան մենք մեր պահանջները ներկայացրեցինք կառավարությանը, այն բաղկացած է 10 կետից: Կառավարության պատվիրակությունը դեռ չի պատասխանել: Ակնհայատ է, որ այդ հարցերի քննարկումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը»,-ասել է նա: Ըստ նրա, կառավարության պատվիրակությունն այսօր պետք է ներկայացնի և շարադրի իր պահանջներն ընդդիմությանը:

Միջսիրիական բանակցությունները Մոսկվայում երկու փուլով են անցնում հունվարի 26-27-ին և հունվարի 28-29-ին: Առաջին օրերին հանդիպել են ընդդիմադիրները՝ քննարկելով բանակցությունների ռազմավարությունն ու օրակարգը: Հաջորդ օրերին բանակցում են ընդդիմության ներկայացուցիչներն ու Դամասկոսի պատվիրակությունը, որը ներկայացնում է Մոսկվա ժամանած սիրիական կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ: Նրանք մասնակցում են հունվարի 28-ին խորհրդակցություններին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, մասնակցում է շուրջ 30 սիրիացի գործիչ, որոնք ներկայացնում են ընդդիմության ամենատարբեր շերտերը, ինչպես նաև մի շարք անկախ փորձագետներ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ Մոսկվան չի ակնկալում, որ իրավիճակը Սիրիայում կշտկվի առաջիկայում, գործընթացը տևական ու բարդ է լինելու:

«Նախարարը նշել է, որ Ռուսաստանի ջանքերն, ուղղված միջսիրիական կարգավորմանը, «միանգամայն բացահայտ են. մենք միշտ բաց ենք փոխգործակցության համար ՄԱԿ կանոնադրության հիման վրա բոլոր նրանց հետ, ով շահագրգռված է աջակցելու քաղաքական կարգավորման գործընթացների ջանքերին»:

«Գործընթացը տևական ու բարդ է լինելու, լրացուցիչ ջանքեր կպահանջվեն երկխոսության իրոք ներկայացուցչական ձևաչափի ձևավորման համար»,-ասել է Լավրովը Սիրիայի ընդդիմադիրների ու կառավարության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Մեկնարկած բանակցություններն առաջինն են 2014-ի փետրվարից հետո, երբ ավարտվեց Ժնևի բանակցությունների երկրորդ փուլը: Այն ժամանակ կողմերին չհաջողվեց կոնկրետ պայմանավորվածությունների հասնել: Մոսկվայում նշում են, որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրում, որով և տարբերվում է Ժնևի բանակցություններից: Սիրիական ընդդիմությունը բավականին դրական է գնահատել բանակցությունների առաջին օրը: «Մենք դրական տպավորություններ ունենք այդ հանդիպումից, սա լավ հնարավորություն է երկխոսության համար»,-ասել է Սիրիայի ընդդիմադիր Ազգային համակարգող կոմիտեի քարտուղար Մաջիդ Համմը:

«Կարծում եմ, հանդիպումը կկենտրոնանա երկու խնդիրների վրա՝ սիրիական կարգավորումը պետք է լինի քաղաքական, հիմնված Ժնևի համաձայնությունների վրա, երկրորդը՝ հումանիտար իրավիճակն է, սիրիական ժողովրդի տառապանքների մեղմումը»,-հավելել է նա:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---