Օբաման Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը սխալ է համարում

Օբաման Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը սխալ է համարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցների սահմանումը Իրանի դեմ այս փուլում առիթ կտա Թեհրանին դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքի համար նկարահանված հարցազրույցում, որը եթեր կհեռարձակվի առաջիկա կիրակի օրը: Հարցազրույցից որոշ հատվածներ հրապարակվել են հունվարի 28-ին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընթացիկ չափազանց կարևոր փուլում առանց բավարար հիմքերի դիվանագիտական ջանքերի ձախողումը սխալ կլինի: Ինչն իրոք մեզ հարկավոր է, դա բանակցությունների այս փուլն ավարտելն է, Իրանի վրա ճշնում գործադրելը, որպեսզի վերջինս «այո» ասի միջազգային հանրության առաջարկին»,-հայտարարել է Օբաման:

Նախագահը նշել է, որ, ելնելով այդ նկատառումներից, նա վետո կդնի ԱՄՆ Կոնգրեսի ցանկացած բանաձևի վրա, որտեղ կառաջարկվի լրացուցիչ պատժամիջոցներ ընդունել Իրանի դեմ, եթե այդպիսի բանաձև առաջիկայում ներկայացվի Կոնգրեսի հաստատմանը:

Ավելի վաղ նոր հակաիրանական պատժամիջոցների անարադյունավետության մասին հայտարարությամբ հանդես էր եկել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր չի կնքվի: Նա, ով կմտադրվի արգելակել այն, կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, լինի դա ԱՄՆ Կոնգրեսը, թե մեկ ուրիշը»,-հայտարարել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը նաև հորդորել է համաշխարհային հանրությանը «դեմ հանդես գալ մի գործընթացի», որը խարխլում է «բացարձակ կարևորություն ունեցող նվաճումները»:

Զարիֆը նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, երկրի խորհրդարանը պատասխան քայլեր կձեռնարկի:

2014-ի նոյեմբերի 24-ին Վիեննայում ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Որոշվեց ևս 7 ամիս հատկացնել ամփոփ համաձայնագիր կնքելու համար: Այսպիսով, Իրանի դեմ գործող պատժամիջոցները լիովին հանելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածության և փոխզիջման հասնել հնարավոր չեղավ:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում էր, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---