Թուրքական կործանիչները ներխուժել են Հունաստանի օդային տարածք

Թուրքական կործանիչները ներխուժել են Հունաստանի օդային տարածք

PanARMENIAN.Net - Երկու թուրքական կործանիչ ներխուժել է Հունաստանի օդային տարածք 1996-ին զոհված երեք հույն սպաների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ, որին ներկա է եղել Հունաստանի ՊՆ ղեկավար Պանոս Կամմենոսը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը Հունաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

«Թուրքական երկու F-16 կործանիչները հայտնվեցին այդ շրջանում և անմիջապես նրանց թռիչքը կասեցվեց մեր ռազմական ավիացիայի կողմից»,-ասել են մամուլի ծառայությունում:

1996-ին Էգեյան ծովում գտնվող երկու անմարդաբնակ Իմիա կղզիների տարածքային պատկանելության մասին վեճը ճգնաժամ առաջացրեց Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրները, թեև դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի կազմում, հայտնվեցին պատերազմի եզրին: Հակամարտությունը դադարեցվեց միայն միջազգային հանրության, ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի միջամտությամբ: Ճգնաժամի վերջին օրերին հակամարտության գոտում կործանվեց Հունաստանի ՌՕՈւ ուղղաթիռը, զոհվեց 3 սպա: Վթարի պատճառ համարեցին տեխնիկական խնդիրները:

Ամեն տարի Հունաստանում Իմիա կղզիների մոտ տեղի ունեցած իրադարձություններին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվում:

Ելույթ ունենալով Մարաֆոնում ՌՕՈւ ուղղաթիռների ստորաբաժանումների կառավարման վարչությունում զոհված օդաչուների ոգեկոչման արարողության ժամանակ՝ Կամմենոսն ասաց, որ հերոսները զոհեցին իրենց կյանքը հանուն հավատի և հայրենիքի և անհրաժեշտ է հարգել նրանց հիշատակը:

Ըստ նախարարի, «գլոբալիզացիայի դարաշրջանում ոմանք ցանկանում են իջեցնել արյամբ շաղախված դրոշները, ոմանք մտադիր են հրաժարվել հիշողություններից, ոմանք էլ ցանկանում են ամեն ինչ համահարթեցնել, նրանք ժխտում են ազգերի գոյութայն անհրաժեշտությունը, ցանկանում են վերացնել երկրներն ու կրոնները, փառքն ու սկզբունքները»,-ասել է նա: Այնուհետև նախարարը մեկնել է Իմիա կղզիներ, որտեղ ծովն է իջեցրել ծաղկեպսակներ՝ ի հիշատակ հերոսների:

Այնուհետև նախարարը մեկնել է Կրետե կղզի, որտեղ ծաղկեպսակ է դրել Կիպրոսի համար զոհվածների հուշարձանին:

Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա: Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---