Ամերիկացի փորձագետը խորհուրդ է տալիս Բաքվին մոռանալ գլոբալ նախագծերի ու միջոցառումների մասին

Ամերիկացի փորձագետը խորհուրդ է տալիս Բաքվին մոռանալ գլոբալ նախագծերի ու միջոցառումների մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը պետք է լուրջ շտկումներ կատարի իր տնտեսական քաղաքականության մեջ: Նման հայտարարություն է արել ամերիկյան Վերլուծության և գլոբալ անվտանգության ինստիտուտի ղեկավար Գալ Լյուֆտը, հայտնում է Contact.az-ը::

«Երբ նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտները կազմում են արտահանման 95 տոկոսն ու երկրի եկամուտների 75 տոկոսը, ժամանակն է փրկվել տնտեսական սնանկությունից»,-ասել է նա:

Նավթի գների անկումը լարված իրավիճակ է ստեղծել Ադրբեջանում: Նավթի գինն Ադրբեջանի բյուջեում ամրագրված է 90 դոլարի մակարդակում, այն դեպքում, երբ համաշխարհային գներն այսօր տատանվում են 60 դոլարի սահմանում:

Երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրեց մանաթի փոխարժեքը դոլարի ու եվրոյի համեմատ, պաշտոնյաները Բաքվում հայտարարեցին, թե արժեզրկումն ուղղված է «Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության միջազգային մրցունակության ու արտահանման ներուժի բարձրացմանը, վճարային բալանսի կայունության ապահովմանը»:

Ամերիկացի փորձագետն ասել է, որ Բաքուն պետք է դասեր քաղի ստեղծված իրողությունից և կառավարությունը պետք է նահանջի հումքային շուկաներից ու արագ անցում կատարի դեպի տնտեսության դիվերսիֆիակցում:

«Մոռացեք հսկայածավալ համաշխարհային միջոցառումների ու գլոբալ նախագծերի մասին»,-հավելել է նա:

Ադրբեջանի գլխավոր նախագիծը պետք է դառնա «սեփական քաղաքացիների ուղեղների զարգացման համար ներդրումների ավելացումն ու հողն ավելի քիչ փորելու ձգտումը»,-ասել է Գալ Լյուֆտը:

Մինչդեռ Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Զիյադ Սամեդզադեն Միլի մեջլիսի փետրվարի 24-ի նիստում հայտարարեց. «Եթե իրավիճակը չփոխվի, բյուջեն մինչև տարեվերջ 6-7 մլրդ դոլար կկորցնի»: Ըստ նրա, մանաթի կայուն փոխարժեքի պահպանման համար պետությունն ամեն տարի ծախսել է 2,4 մլրդ մանաթ: «Այդ գումարը գրեթե հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին»,-հավելել է պատգամավորը:

Փետրվարի 16-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հրաժարվեց մանաթի փոխարժեքը դոլարի հետ կապելուց, ինչը պետք է բերեր արժեզրկման: Պատճառն այն է, որ նավթի գների կտրուկ անկման պատճառով Ադրբեջանն այլևս չի կարող պահպանել մանաթի բարձր փոխարժեքը դոլարի նկատմամբ, երբ 1 դոլարի փոխարժեքը 0.78 մանաթ էր: Արդյունքում Ադրբեջանի բանկերում և փոխանակման կետերում հերթեր առաջացան. մարդիկ շտապում էին ազատվել մանաթից և արտարժույթ գնել: Արդեն փետրվարի 17-ի կեսօրին Բաքվի բազմաթիվ փոխանակման կետերում արտարժույթ չէր մնացել: Մի շարք բանկեր դադարեցրել էին արտարժույթի վաճառքը բնակչությանը:

Փետրվարի 21-ին մանաթը մեկ գիշերում արժեզրկվեց 34 տոկոսով՝ փոխարժեքը 1,05 մանաթ է դոլարի դիմաց: Ինչպես օերս գրեց «Ազադլիգ» թերթը, տարին Ադրբեջանի տնտեսության համար սկսվել է բացասական ցուցանիշներով: Համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկումը ցույց տվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ թմբկահարվող «նմանը չունեցող տնտեսական զարգացման մասին» հեքիաթների ողջ սնանկությունը: Նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունը սկսեց քայքայվել հենց նավթի վաճառքի նվազման և արժեզրկման հետ, գրել էր թերթը: Ըստ պարբերականի, միայն հունվարին մանաթի կուրսը կայունացնելու համար Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսել:

Երկրի արժութային ռեզերվների կրճատումը ևս կապված է նավթի գների նվազման հետ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: 2013-ի վերջում Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները կազմում էին 14 մլրդ 152 մլն դոլար: Այսպիսով, 2014-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 2, 78 տոկոսով: 2014-ի դեկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները նվազել են 1 մլրդ 238 մլն դոլարով, կամ 8,26 տոկոսով:

2014-ի կեսից «սև ոսկին» կորցրեց արժեքի մոտ 50 տոկոսը, ինչը մեծ հարված էր շատ երկրների արժույթին, առաջին հերթին՝ նավթ արդյունահանող: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը հայտարարեց, որ մեկ բարել նավթի արժեքը 100 դոլարի չի հասնի: «Նավթի շուկան գերհագեցած է: Լիբիան նույնպես չի դադարեցրել նավթի արդյունահանումը չնայած քաղաքացիական պատերազմին: Ավելին, նվազել է նավթի պահանջարկը»,-մեջբերել է նրա խոսքը Russia Today-ը:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---