HRW-ն Եվրոպական խաղերին ընդառաջ պահանջել է ազատել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիրներին

HRW-ն Եվրոպական խաղերին ընդառաջ պահանջել է ազատել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիրներին

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ը Եվրոպական խաղերից 100 օր առաջ պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված հասարակական ակտիվիստներին և լրագրողներին, հայտնում է Contact.az-ը:

«Ադրբեջանի կառավարության կողմից լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հարձակումները չեն համապատասխանում Օլիմպիական խարտիայի՝ մամուլի ազատության և մարդկային արժանապատվության վերաբերյալ ոգուն և տառին»,- հայտարարել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջեյն Բյուկենենը:

Human Rights Watch-ը եվրոպական երկրների ղեկավարներին կոչ է արել Բաքվին զգուշացնել, որ եթե Ադրբեջանի հակաիշխանամետ ներկայացուցիչները ազատ չարձակվեն, ապա իրենց բարձրաստիճան պատվիրակությունները չեն մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին:

«Օլիմպիական կոմիտեներն ու ազգային կոմիտեները պետք է ասեն Բաքվին, որ նա ոտնահարում է օլիմպիական իդեալներն ու պետք է ազատ արձակի ձերբակալված ակտիվիստներին ու լրագրողներին, չեղյալ համարի ԶԼՄ-ների ու խոսքի ազատության բոլոր սահմանափակումները»,-ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նաև ֆոտոսլայդ է տարածել Ադրբեջանում ձերբակալությունների ժամանակագրությամբ: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի առնչությամբ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---