Նազարբաև. Նավթի գները լուրջ փորձություն են ԵՏՄ համար

Նազարբաև. Նավթի գները լուրջ փորձություն են ԵՏՄ համար

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը մեծ փորձությունների է ենթարկվում նավթի ցածր գների պատճառով, հայտարարել է մարտի 20-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Ցավոք, մեր միթույունը մեծ փորձությունների է ենթարկվում, քանի որ նվազել են նավթի արտահանման գներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում: Մենք գիտեինք, որ նման ռիսկեր կան, և գնային անհավասարակշռություն կար, տատանումներ կային»,-ասել է Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն Աստանայում:

Մարտի 20-ին Աստանայում տեղի է ունենում ԵՏՄ հիմնադիր երեք պետությունների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության, եվրասիական ինետգրման գործընթացների ներկա վիճակն ու հեռանկարները, հաշվի առնելով ժամանակակից միտումները համաշխարհային տնտեսության մեջ: Ենթադրվում է նաև կարծիքների փոխանակում միջազգային հարցերի շուրջ, առաջին հերթին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի:

Նազարբաևը նշել է նաև, որ զբաղվել է Ուկրաինայի խնդիրներով: «Ըստ հնարավորության ես էլ եմ միջամտել դրան»,-հավելել է նա:

«Կարծում եմ, մենք այսպիսի ոչ պաշտոնական ձևաչափով կքննարկենք ընթացիկ իրադարձությունները տարածաշրջանում, աշխարհում, գլոբալ ազդեցությունը և այն, թե ինչպես ԵՏՄ-ն պետք է դուրս գա ճգնաժամից: Կքննարկենք նաև այլ հարցեր, որոնք մեզ են առնչվում»,-ասել է Նազարբաևը Աստանայում հանդիպման մասին:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---