Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են, այդ են վկայում սակարկությունների արդյունքները: Մոսկվայի ժամանակով 8:30-ի դրությամբ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0,54 տոկոսով, հասնելով 55,49 դոլարի մեկ բարելի համար: WTI տեսակի նավթի մայիսյան առաքումների գինը նվազել է 1,14 տոկոսով և սակարկվել է մեկ բարելի դիմաց 46,91 դոլարի սահմանում, հայտնում է Գազետա.ռու-ն:

Սակարկությունների բացասական դինամիկային նպաստեց ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ Մադիի հայտարարությունն, ըստ որի, նավթի գինը արդեն չի բարձրանա 100-120 դոլարի սահմանից: Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ Նաիմին հայտնեց, որ արդյունահանման մակարդակը երկրում օրական կլինի մոտ 10 մլն բարել:

«Մենք հասկանում ենք, որ բոլոր պետությունները բարձր եկամուտ են ուզում…Մենք էլ ենք դա ուզում, բայց նաև հաջորդ սերունդների համար»,-ասել էր Մադին: Սակայն, ըստ նրա, Սաուդյան Արաբիան կողմ է թերթաքարային նավթի արդյունահանմանը Միացյալ Նահանգներում, քանի որ դա կարող է որոշակի բալանս ապահովել շուկայում:

Մինչդեռ Իրանը վերջերս հայտարարեց, որ կարող է ավելացնել նավթի արտահանումը օրական 1 մլն բարելով, եթե միջազգային պատժամիջոցները հանվեն, հայտնեց երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության, նախորդ ամիս Իրանը միջազգային շուկա է արտահանել օրական մոտ 1,2 մլն բարել նավթ:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---