Արաբական միասնական բանակը 40.000 զինծառայող կունենա

Արաբական միասնական բանակը 40.000 զինծառայող կունենա

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) եգիպտական Շարմ էլ Շեյխում կայացած գագաթնաժողովում որոշում է ընդունել միասնական արաբական զինված ուժեր ստեղծելու և Եմենում ռազմական գործողությունը հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ: Ամփոփիչ հայտարարության տեքստը, որն ընթերցեց ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, բերում է Associated Press-ը:

«Եմենն անդունդի եզրին է հայտնվել, ինչն արդյունավետ քայլեր է պահանջում արաբական երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղ կարգավորման ու օրինական իշխանության վերականգնման համար»,-ասել է Ալ Արաբին: Եգիպտոսի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն ասել են, որ միավորված ԶՈւ 40 հազար զինծառայող կունենա, կօգտվի ռազմական ինքնաթիռների, ռազմանավերի ու զրահամեքենաների աջակցությունից: Ընդ որում ԱՊԼ ոչ բոլոր երկրների զինծառայողները կանդամակցեն բանակին: Հրամանատարության կենտրոնակայանը կտեղակայվի Կահիրեում կամ Էր Ռիադում, հայտնում է Lenta.ru-ն:

Արաբական պետությունների ԱԳ նախարարները հավանություն են տվել միասնական բանակի ստեղծման նախագծին: ԱԳՆ ղեկավարները դիմել էին Արաբական պետությունների լիգային մեկ ամսվա ընթացքում միասնական զորքեր կազմավորելու նպատակով: Բանակը նախատեսված է լինելու արագ ռազմական ներխուժումների միջոցով անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար:

Նախարարների հանդիպմանը նախորդեց Եմենում շիա գրոհայինների (հոուսիթների) դիրքերի ռմբակոծումը Սաուդյան Արաբիայի կողմից: Սաուդիտներին սատարեցին ԱՊԼ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Սուդանը, Եգիպտոսը և Պարսից ծոցի գրեթե բոլոր միապետությունները: Իրանն ու Ռուսաստանը դեմ են ռազմական միջամտությանը: Չինաստանն ու ԵՄ-ն մտահոգություն են հայտնել այս առիթով ու կոչ արել հակամարտության կողմերին կարգավորել բոլոր հակասությունները խաղաղ ճանապարհով:

Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Ըստ Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքի, Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնեց Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցեց արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում:

Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

Ընթերցեք նաև. Արաբական երկրները միասնական բանակ կստեղծեն

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---