Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել Ավետիսյանների շիրիմին. Այդ ողբերգությունը ոչ ոք չի մոռանա

Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել Ավետիսյանների շիրիմին. Այդ ողբերգությունը ոչ ոք չի մոռանա

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Պետդումայի պատվիրակությունը, որը գլխավորում է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, ծաղիկներ է դրել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրիմներին, որոնց սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Արարողությանը մասնակցել է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և հայ պատգամավորներ:

«Հունվարի 12-ի ողբերգության հետ կապված ոչ մի բան չի մոռացվի: Դա կհիշենք մենք, մեր սերունդները, քանի որ նման ողբերգական իրադարձություններ հաճախ չեն տեղի ունենում: Հատուկ հետք թողեց այն, որ դա կապված էր մեր ռազմակայանի հետ, որի ներկայությունը Գյումրիում միշտ ողջունելի է եղել»,-ասաց Լեոնիդ Սլուցկին:

Նա հավելել է նաև, որ ռազմակայանը միշտ կայուն է աշխատում, ապահովելով իր առջև դրված խնդիրների կատարումը, ինչն էլ նշեցին ՀՀ և ՌԴ նախագահները ռազմակայանի համատեղ այցելության ժամանակ: Այնուհետև պատվիրակությունը քննարկել է Շիրակի մարզպետի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ Գյումրիի ողբերգության հետաքննության ընթացքը, Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև միգրացիայի խնդիրներին առնչվող հարցեր, հայտնում է «Վեստնիկ Կավկազան»:

Խորհրդարանականները ծաղիկներ են դրել «Պատվի բլուր» հուշահամալիրում, այցելել են նաև ռուսական ռազմակայան, որտեղ հանդիպում են ունեցել սպաների ու զինվորների հետ՝ քննարկելով նրանց հետ սոցիալական հարցեր:

Օրերս ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը խոստովանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատը կկայանա Հայաստանի տարածքում:

Այդ մասին պատգամավորը հայտարարեց Երևանում՝ Պետդումայի և ՀՀ ԱԺ կոմիտեների համատեղ նիստում: «Ռուսաստանն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննությունն իրականացվի, և իրականացվում է, Հայաստանի տարածքում: Դատը ևս նախատեսվում է Հայաստանի տարածքում, դա Հայաստանի ժողովրդի խնդրանքն է»,-ասել է Պետդումայի պատգամավորը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---