Եմեն. Գրոհի է ենթարկվել և թալանվել ՌԴ հյուպատոսությունը

Եմեն. Գրոհի է ենթարկվել և թալանվել ՌԴ հյուպատոսությունը

PanARMENIAN.Net - Եմենի Ադեն քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գրոհել են շիա խռովարար հուսիթները:

Տեղաբնակները գտնում են, որ հյուպատոսության վրա հարձակվել են հուսիթներն ու նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմնակիցները: Զինյալները կոտրել են մուտքի դռները և ներս ներխուժել: Հյուպատոսության շենքը թալանվել է, դուրս է բերվել այն ամենն, ինչ գոնե փոքր արժեք ունի: Ապստամբները բեռնել են թալանված տեխնիկան և թղթապանակներով փաստաթղթերը մեքենաներն ու հեռացել անհայտ ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն Ադենի «Հունա Ադեն» տեղեկատվական պորտալի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր հյուպատոսությունն Ադենում տուժել է նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի ռմբակոծությունից: Եմենում ՌԴ հյուպատոսության աղբյուրը հայտնել է, որ այժմ քննարկվում է Ադենում գտնվող հյուպատոսությունն փակելու և ՌԴ քաղաքացիներին տարհանելու հարցը:

Արդեն մեկ շաբաթ է Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ռազմական գործողություն է վարում հուսիթների «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դեմ, որոնք վերահսկում են երկրի մեծ մասը, այդ թվում մայրաքաղաք Սանան: Գործողության նպատակն է ստիպել հուսիթներին և նրանց կողմնակիցներին վերադարձնել իշխանությունը նախագահ Աբդ Ռաբբ Հադիին և կառավարությանը, որոնք հեռացվել են իշխանությունից: Հադին այժմ գտնվում է Եմենի սահմաններից դուրս:

Մինչդեռ «Ալ Քայիդայի» գրոհայինները գիշերը հարձակվել են Հադրամաութ գավառի Էլ Մուկալլա քաղաքի վրա, որը Եմենի հարավ-արևելքում է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ծայրահեղականները գրոհել են կենտրոնական բանտն ու ազատ են արձակել հարյուրավոր կալանավորների:

Ըստ տեղական աղբյուրների, մարտեր են գնում քաղաքի մի քանի թաղամասերում: Բանակի ստորաբաժանումները փորձում են կասեցնել գրոհը: Գործի է դրված զրահատեխնիկա և հրետանի: Ազատ արձակված կալանավորներից շատերը կապեր ունեն «Ալ Քայիդայի» հետ, կան նաև խմբավորումների պարագլուխներ:

Եմենը վաղուց արդեն ապաստան էր դարձել ծայրահեղական իսլամիստների համար թույլ կենտրոնական իշխանությունների և դժվարհասանելի վայրերի պատճառով: Վերջին տարիներին երկրում բազմաթիվ էին ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները, որոնց թիրախը հաճախ օտարերկրացի զբոսաշրջիկներն էին, դիվանագիտական առաքելություններն ու դրանց աշխատակիցները, անվտանգության ուժերն ու ենթակառուցվածքները, հիմնականում նավթային:

Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցել է արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում:

Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---