ՄԱԳԱՏԷ. Իրանը երեք ամիսը մեկ զեկուցելու է իր միջուկային ծրագրի մասին

ՄԱԳԱՏԷ. Իրանը երեք ամիսը մեկ զեկուցելու է իր միջուկային ծրագրի մասին

PanARMENIAN.Net - Իրանը երեք ամիսը մեկ զեկուցելու է իր միջուկային ծրագրի մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): Այս մասին հայտարարել է գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն CNN-ին տված հարցազրույցում, հայտնում է Gazeta.ru-ն:

«Իրանը պարտավոր է թարմացնել միջուկային ծրագրի մասին հայտարարագիրը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,-հայտարարել է Ամանոն:

«Եթե ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները հակասություններ հայտնաբերեն ու կասկածներ ունենան, ապա կարող են օբյեկտ այցելելու թույլտվություն խնդրել և Իրանը պետք է որ տա նման թույլտվություն»,-ասել է կառույցի ղեկավարը: Միջազգային տեսուչները կկարողանան ստուգել Իրանի տարածքում գտնվող ցանկացած միջուկային օբյեկտ՝ զգուշացնելով իշխանություններին այցից երկու ժամ առաջ:

Այժմ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները պետք է զգուշացնեն Իրանի իշխանություններին այցի մասին ստուգումից 24 ժամ առաջ:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները պահանջեցին «վեցյակից» պայման դնել Իրանի առջև՝ դիվանագիտորեն ճանաչել Իսրայելը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ պահանջն անիրագործելի համարեց: «Ընդունել, թե մենք կարող էինք պայմանավորվել Իրանի հետ միջուկային զենքի մշակումից հրաժարվելու և Իսրայելի ճանաչման մասին միաժամանակ, մոտավորապես կնշանակեր խոստովանել, որ մենք չենք կարողանա համաձայնագիրը ստորագրել, քանի դեռ Իրանի ռեժիմն ամբողջությամբ չի փոխվել»,-հայտարարել է Օբաման:

Ապրիլի սկզբին Իրանը և «վեցյակի» երկրները (ԱԽ 5 անդամ + Գերմանիա) կարողացան համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքային պարամետրերի առումով: «Լոզանում պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնության հիմքը դնել, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Սակայն արդեն այժմ առանցքային միջազգային խաղացողները պատմական են համարում ձեռք բերված համաձայնությունը և համարում են, որ կարելի է խոսել մեծ հաջողության մասին: «Վստահ եմ, որ մենք կարող ենք ցուցյ տալ, որ համաձայնությունը լավ է ԱՄՆ և ողջ աշխարհի անվտանգության համար»,-հայտարարել է մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ սկսված և ներկայումս Լոզանում ընթացող բանակցությունների հերթական փուլը չափազանց մեծ, արտակարգ կարևորության ունի Հայաստանի համար: «Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև պատժամիջոցների թեթևացումը կամ դրանց հանումը, Իրանի ներքին շուկան կդարձնի պակաս պրոտեկցիոնիստական, և սա դրական կանդրադառնա Հայաստանի վրա, որն արդեն խեղդվում է առանց մատչելի շուկաների»,- ասել է Իսկանդարյանը և նկատել, որ տարածված սխալ թեզ կա, որ իրանական շուկան մեզ համար բաց է: «Դա այդպես չէ, բաց է միայն իրանական էներգետիկան»,-նշել է նա:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---