«Գազի գինը հնարավոր է իջեցնել» կամ չհիմնավորված ծախսերը. ԱԺ-ում քննարկել են հաշվետվությունը

«Գազի գինը հնարավոր է իջեցնել» կամ չհիմնավորված ծախսերը. ԱԺ-ում քննարկել են հաշվետվությունը

PanARMENIAN.Net - Գազի սակագինը հնարավոր է իջեցնել, այսօր` ապրիլի 8-ին Ազգային ժողովում ընթացող Գազի ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` թվարկելով դրա հնարավոր տարբերակները: Պատգամավորը նախ նկատել է, որ գազի մուտքային գինը 189 դոլար է, որը քննարկման առարկա չի եղել ժամանակավոր հանձնաժողովում, իսկ տեղափոխման ծախսերից հետո սպառողներին մատակարարվող գազի միջին գինը կազմել է 311 դոլար:

«311 դոլարի մեջ 73%-ը կազմում է գազի գինը սահմանի վրա, իսկ մնացած 122 դոլարը բաշխվում է՝ 5%-ը կորուստների համար, որը մարժայում կազմում է 15 դոլար, 11%-ը շահագործման և պահպանման ծախսերն են՝ 34 դոլար, 4%-ը մաշվածությունն է` 12 դոլար, 7%-ը շահույթն է` 23 դոլար: Միջին՝ 311 դոլարը ճյուղավորվում է 2 խմբերի. մինչև 10 000 խմ օգտագործողները ծախսում են 36 տոկոսը կամ 600 000 բաժանորդ, նրանք մուծում են 394 դոլար՝ միջին գնից 83 դոլար ավելի: 10 000-ից ավելի օգտագործողները վառում են մուտք գործող գազի 64 տոկոսը՝ 10 000 բաժանորդ և մուծում են 277 դոլար»,- ասել է Մանուկյանը, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա, ըստ պատգամավորի, կորուստների չափն օրենքով է որոշվում և համաձայն մեթոդիկաների, որոնք կառուցված են ուժը կորցրած խորհրդային փաստաթղթերի հիման վրա` կան անհասկանալի ու անհեթեթ արտահայտություններ, ինչպես օրինակ՝ բնական անխուսափելի կորուստներ, իրական փաստացի կորուստներ, վթարային կորուստներ և այլն, որոնք օգտագործվել են ըստ հարմարության:

Նրա խոսքերով` էներգետիկայի նախարարը հաստատել է կորուստների հաշվարկման իր սկզբունքը՝ շրջանցելով օրենքը. «Կորուստների մեծությունը կախվածության մեջ է մտել մուտք գործած գազի քանակից: Որքան շատ գազ մտնի, ապա, ըստ տրամաբանության, կորուստը պետք է շատ լինի: Երաշխավորված կորուստի հնարավորություն են ստեղծում և շահագրգռություն չկա կորուստները նվազեցնելու»:

Մանուկյանը, համեմատելով Ուկրաինայի հետ, նշել է, որ այնտեղ կորուստները կազմում են 2,8- 3%: Փոխադրման համակարգում կորուստները կազմում են 0.8 տոկոս, իսկ մեզ մոտ փոխադրման կորուստները մնում են 3,15 տոկոս և չեն նվազում: Փաստացի կորուստները, ըստ նրա, ավելի բարձր են Հայաստանում` 7-8 տոկոս, որը չի նվազում անգամ այն պայմաններում, երբ 2010-2012թթ-ին 70 մլրդի կապիտալ ներդրումներ են կատարվել համակարգում:

«Հաճախ ժուլիկություն է կատարվել, որպեսզի կորուստները քիչ երևան, գազի ներկրվող ծավալի մեջ հաշվել են նաև Իրանից ներկրվող 400 մլն խմ գազը»,- ասել է պատգամավորը և հավելել, - «Առանց չափազանցության` գազի կորուստները 50%-ով կարելի է իջեցնել, և այդ դեպքում 10 դոլարով գազի գինը կարող է նվազել»:

Նա նաև նշեց, որ հնարավոր է կրճատել շահագործման ծախսերը: ««Գազպրոմ»-ն ինչ ուզել է արել է, և լավ է արել, քանի որ ոչ մեկ չի վերահսկել»,- նշել է Մանուկյանը, իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նրա խոսքվ, «ՀայՌուսգազարդ»-ի 70 մլրդ դրամ ներդրումից միայն 5 մլրդն է ծախսվել համայնքների գազաֆիկացման համար: Այսպիսով, Արամ Մանուկյանը գտնում է, որ ուռճացված սակագին է սահմանվել:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ներկայացված հաշվետվությանը, հիշեցրել է, որ նախորդ կառավարության ժամանակ «հանկարծ» պարզվել է, որ կուտակվել է 300 մլն դոլարի պարտք, որի մասին ՀՀ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև քաղաքական ուժերը ընդհանրապես տեղյակ չեն եղել:

«Այն ժամանակ քաղաքական ուժերը պարբերաբար հարց էին բարձրացնում` արդյոք գազի գինը բարձրացել է, բայց բոլոր պաշտոնական այրերը, այդ թվում` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի նախարարը, միաբերան պնդում էին, որ նման բան չկա: Սակայն, երբ իրականությունը պարզվեց, նախկին վարչապետն ասել էր` այո, մենք բանակցել ենք բանավոր: Այսինքն` տպավորությունն այնպիսին է, որ մենք գործ ունենք ոչ թե պետության հետ, այլ ինչ-որ խմբավորումների հետ, որոնք սխոդկաների մակարդակով իրար հետ բան էին խոսում, որի արդյունքում էլ պարզվեց` 300 մլն դոլարի պարտք ունենք կուտակած»,- ասել է Զոհրաբյանը:

Անդրադառնալով գազի սակագնի մեջ ներառված ծաղիկների ու նկարների գումարին` 1,5 մլն դրամին, Նաիրա Զոհրաբյանը նկատել է. «Բա որ հանկարծ այդ կազմակերպության աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա, և ինչպես նշեց իմ գործընկերը, նրանք որոշեն իրենց ռելաքսն անցկացնել այնպիսի հանգստասենյակներում, որտեղ կախեն ոչ թե կրկնօրինակներ, այլ Տիցիանի կամ Ռենուարի բնօրինակը: Ի դեպ Տիցիանի ոսկեգույն և Ռենուարի վարդագույն երանգները շատ լավ հանգստացնում են նյարդերը: Ձևակերպումը, թե՝ հաշվի առնելով ինչ թալան է տեղի ունեցել համակարգում՝ թող այդ 1,5 մլն դրամն էլ հարկատուներից գանձվի՝ հարիր չէ քաղաքական ուժին»:

Ինչ վերաբերում է լոզանյան համաձայնագրին ու դրա հետևանքով Հայաստանի համար բացված հնարավորություններին, պատգամավորն ասել է, որ դրանից հետո լուրջ հեռանկար է բացվում Իրան- Հայաստան- Վրաստան էներգետիկ համագործակցության համար:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվել է հանձնաժողովի ծախսերից: Փաշինյանը նշել է, որ զեկույցում խոսք է գնում ինչ-որ նկարների և բույսերի մասին, բայց հանձնաժողովը կարող է, ուզում է ձեռք բերել Պիկասոյի նկար կամ թանկարժեք դեկորատիվ բույս, սակայն դա չի նշանակում, որ սպառողը պետք է այդ ծախսերի համար վճարի: Փաշինյանը հետաքրքրվել է նաև հավելյալ աշխատողների ու աշխատակիցների աշխատավարձերից:

«2014 թվականի միջանկյալ զեկույցում նշել էիք, որ դեռ պետք է հիմնավորվի Գազպրոմ Արմենիայի աշխատողների հավելյալ 1000 աշխատող ավելացնելու և մինչև 109 հազար դրամ աշխատավարձի ապահովումը: Հիմա ասում եք, որ աշխատավարձը ինչքան կուզեն, կվճարեն: Եթե պետք է վճարեն, այնքան որքան ուզեն, ապա ինչո՞ւ էիք այն ժամանակ հայտարարում, որ պետք է հիմնավորվի, դեռ մի բան էլ կասկած տակ էիք դնում: Հիմա այս զեկույցում դա որևէ կերպ չեք հիմնավորելո՞ւ»,- ասել է պատգամավորը, գրում է «Այսօր»-ը:

Իրանական գազի մասով նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տեղյակ են՝ ամենաէժան գազ արտահանողն Իրանն է: «Զեկույցում բառացիորեն նշվում է, որ իրանական գազի գները 15-17 տոկոսով ցածր են, քան՝ ռուսականը: Եթե այդքան էժան է, ինչո՞ւ ենք մենք գազ գնում Ռուսաստանից, և ոչ թե՝ Իրանից»,- հետաքրքրվել է Փաշինյանը:

Վարդան Այվազյանն իր հերթին հայտարարել է, որ նկարները, բույսերը, որոնց մասին պատգամավորը նշել է, ներառված չեն սակագնի աժեքի մեջ: «Բոլոր ծախսերը մանրամասն հաշվարկվել էե,- ասաց նա: Ինչ վերաբերում է աշխատողների թվաքանակին ու աշխատավարձին, ապա Այվազյանը պարզաբանել է, որ աշխատողների թվաքանակի բարձրացումը պայմանավորված է գազամատակարարաման սուբյեկտների և սպառողների թվաքանակի ավելացմամբ:

«Դա իրականացվում է դրան զուգընթաց»,- հավելել է նա՝ հստակեցնելով, որ պատկան մարմինները կարող են հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորություններ տալ, որպեսզի հանձնաժողովն այստեղ ևս համապատասխան վերահսկողություն սահմանի, իսկ առայժմ հանձնաժողովն այդպիսի լիազորություններ չունի:

Այվազյանն անդրադարձել է նաև իրանական գազին և մանրամասնել, թե իրանական գազն աշխարհում ամենաէժանը չէ. «Ասում են, որ Իրաքում և Քուվեյթում են ամենաէժան նավթն արդյունաբերում, բայց դա չի նշանակում, թե նավթի գինն այդ երկրներում ամենաէժանն է: Համենայնդեպս, իմ ունեցած տեղեկություններով, Իրանը երբևէ 189 դոլարից ցածր գնով Հայաստանին գազի չի առաջարկել: Իսկ ինչ-որ եղել է նախկինում, դա եղել է երկուստեք պայմանավորվածությամբ: Այսքինքն, եթե Իրանը հայտարարի, որ կարող է Հայաստանին տալ ավելի մատչելի գնով գազ, դա կարող է լինել այլ ճանախպարհով»:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն էլ բացի ԵՏՄ անդամ երկրներից, մնացած բոլոր երկրներին գազը վաճառում է համեմատաբար ավելի թանկ գներով՝ գանձելով նաև մաքսատուրք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---