Թուրքիայում բողոքի ակցիաներ են առաջին ԱԷԿ-ի կառուցման դեմ

Թուրքիայում բողոքի ակցիաներ են առաջին ԱԷԿ-ի կառուցման դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մերսին, Իզմիր նահանգում, Ստամբուլում բողոքի ակցիաներ են սկսվել այդ երկրում առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման դեմ, Greenpeace Türkiye –ի թվիթրի միկրոբլոգում տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցարարները բողոքում՝ գետնին պարկելով: Ոստիկանությունը նրանց դեմ ջրաշիթեր է կիրառել, սակայն, չի կարողացել ցրել ակցիայի մասնակիցներին:

Սրանից առաջ Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման դեմ արտահայտվել էին նաև մի քանի քաղաքական կուսակցություններ:

Այսօր՝ ապրիլի 15-ին, Մերսինի Աքքույու քաղաքում կայացել է ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և ատոմակայանի շինարարությունն իրագործող ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչը: Ատոմակայանը կառուցվում է 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլը էլեկտրաէեներգիայով անխափան մատակարարելու համար: Այն պետք է արտադրի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 28 տոկոսը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի սկզբին իր արևելաեվրոպական շրջագայության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում կառուցվելու է 3 ատոմակայան՝ ընդգծելով, որ երկրում օրեցօր աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը, և որ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է կառուցել ատոմակայաններ: Էրդողանն ընդգծել է, որ երկու ատոմակայանները կառուցվելու են երկրի հյուսիսում ու հարավում՝ ունենալով 9500 մեգավատտ հզորություն, երրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ մանրամասներ չի ներկայացվել: Դրանից առաջ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սինոպի ատոմակայանի կառուցման վերաբերյալ Ճապոնիայի հետ ստորագրված համաձայնագիրը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---