Մինսկում քննարկում են «Արևելյան գործընկերության» մայիսյան գագաթնաժողովի նախապատրաստումը

Մինսկում քննարկում են «Արևելյան գործընկերության» մայիսյան գագաթնաժողովի նախապատրաստումը

PanARMENIAN.Net - Մինսկում քննարկում են «Արևելյան գործընկերության» մայիսին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Մինսկում ընթանում է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանի և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հանդիպումը:

«Ես ուրախ եմ քննարկելու Բելառուսի և Եվրամիության հարաբերությունները ԵՄ քաղաքականության համատեքստում, որն այժմ փոփոխություններ է կրում»,-ասել է Մակեյը, բացելով Հանի հետ հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ես կցանկանայի նաև քննարկել «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայանալիք գագագթնաժողովի նախապատրաստական աշխատանքները»,-հավելել է նա:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները:

«Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն:

Ավելի վաղ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:

«Ավելին՝ կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ: «Նախ, տարբերակված մոտեցման մասին. մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները տարբեր են ոչ միայն աշխարհագրությամբ. Վրաստանն ու Մոլդովան, օրինակ, առավել սերտ ինտեգրման ճանապարհն են ընտրել»,-ասաց ԵՄ հարևանության ընդլայնման հարցերով պաշտոնյան՝ կոչ անելով Վրաստանին կյանքի կոչել Ասոցացման համաձայնագիրը մասնակցային ոգով, իսկ Մոլդովային՝ էլ ավելի արագ իրականացնել բարեփոխումները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---