Իրանը ցուցադրել է սեփական արտադրության S-300. Ցանկացած հարձակում կտրուկ հակահարված կստանա

Իրանը ցուցադրել է սեփական արտադրության S-300. Ցանկացած հարձակում կտրուկ հակահարված կստանա

PanARMENIAN.Net - Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ընթացքում այսօր՝ ապրիլի 18-ին, Իրանի բանակը ցուցադրել է ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռքբերումները՝ տեղական արտադրության «Բավար 373» (իրանական S-300) հակահրթիռային պաշտպանության համակարգը և «Սաէղե 2» մոդելի երկտեղանոց կործանիչը համակարգը:

Բացի վերոնշյալից` զորահանդեսին ցուցադրվել են նաև «Շահրիվար 10», «Նաջմ 801», «Ֆաթհ 8» և «Ֆաթհ 14» ռադարային համակարգերը, ինչպես նաև «Թալաշ 2», «Թալաշ 3», «Սայադ 2» և «Սայադ 3» հրթիռները, իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանի բանակը երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած հարձակման կտրուկ հակահարված կտա:

Գեներալ Ֆիրուզաբադին, անդրադառնալով ՌԴ նախագահի` «S-300» ՀՀՊ համակարգերի վերաբերյալ կայացրած որոշմանը, նշել է, որ դրանք ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգեր են:

Իրանը ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) կստանա արդեն ընթացիկ տարում: Այս մասին լրագրողներին է հայտնել Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհգանը Մոսկվա մեկնելուց առաջ: «Մոսկվա այցելության ժամանակ ես պայմանագիր կկնքեմ, որի համաձայն Ռուսաստանը համալիրները կառաքի Իրան»,-ասել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրինը ռազմական և պատերազմական չէ»,- հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և հավելել, որ զինված ուժերի նպատակը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է. «Մեր դոկտրինը ռազմական և պատերազմական չէ, մեր դոկտրինը ռազմական և պաշտպանական է. մեր ռազմավարությունը կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է, կանխարգելիչ գործողություններ` հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման»:

Իրանի նախագահը բանակի օրվա առթիվ ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանն ապակայունացնող ուժերին, հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է: Ինչո՞ւ չեն օգտվում մեր զինված ուժերի կողմից ընձեռած հնարավորությունից, ի՞նչ իմաստ ունի ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի ահաբեկիչներին, ի՞նչ իմաստ ունի հարձակվել Եմենի վրա, արդյո՞ք երեխաների վրա հարձակվելը ձեզ պատիվ է բերում»:

Ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով հանվեց Իրանին С-300 ԶՀՀ-ների մատակարարման արգելքը: «Հրամանագիրը հանում է ՌԴ տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն С-300 ԶՀՀ-ների տարանցման (այդ թվում նաև օդային տրանսպորտով), ինչպես նաև առաքման արգելքը»,-ասվում է փաստաթղթում: Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում 2010 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրում «ՄԱԿ ԱԽ 2010 թ. հունիսի 9-ի թիվ 1929 բանաձևի կատարման միջոցների մասին», հանելով С-300 ԶՀՀ-ներին վերաբերող ենթակետը:

Մինչդեռ, Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանը հայտարարել է, որ Իրանը կհրաժարվի Ռուսաստանին ներկայացրած հայցից, հենց որ համակարգերը տեղում լինեն: «Հուսով եմ, որ С-300 ԶՀՀ-ները կառաքվեն մինչև տարեվերջ»,-հայտարարել է Շամհանը Մոսկվայում ՇՀԿ երկրների անվտանգության խորհրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: «Բնականաբար, հենց որ համակարգերը հասցվեն Իրան, հայցը կդադարեցվի»,-ասել է նա:

С-300 ԶՀՀ-ների մատակարարման 2007 թ. ռուս-իրանական պայմանագրի իրականացումը կասեցվեց ՄԱԿ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով 2010-ի սեպտեմբերին: Ավելի ուշ Թեհրանը վիճարկեց այդ որոշումը դատարանով: ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուի հունվարին Իրան կատարած այցի արդյունքում ԱՄՆ պետդեպարտամենտում հերթական անգամ հայտարարեցին, որ ռուսական С-300 ԶՀՀ համակարգերի առաքումն Իրան անընդունելի է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---