Իտալիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու օգտին ստորագրահավաքը

Իտալիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու օգտին ստորագրահավաքը

PanARMENIAN.Net - «Ոչ` պատերազմին, ոչ` ՆԱՏՕ-ին» նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել Իտալիայում ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու օգտին:

Նախաձեռնությունը, որին սատարում են խորհրդարանի որոշ անդամներ ու հասարակական գործիչներ, ներկայացվեց սենատի դահլիճներից մեկում տեղի ունեցած խորհրդաժողովում:

Ելույթ ունեցողները նշել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված մեծ ծախսերը` Իտալիայի համար օրական 52 մլն եվրո, ըստ դաշինքի տվյալների:

«Իրականում այդ գումարը, այլ աղբյուրների հաշվարկներով, շատ ավելի մեծ է: Իսկ եթե հավելենք Իտալիայի ՌՕՈւ ծախսերը, ապա գումարը կհասնի օրական 100 մլն եվրոյի: Սակայն, զուտ տնտեսական բաղադրիչից բացի, կարևոր է նաև բարոյական ասպեկտը. ՆԱՏՕ-ի ձեռքերով, այսինքն մեր ձեռքերով, ռմբակոծություններ են իրականացվում` Հարավսլավիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա»,-ասել է հրապարակախոս և մեկնաբան Մանլիո Դինուչչին, որը նաև ռազմական թեմայի փարձագետ է, արշավի նախաձեռնողներից մեկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ կազմակերպությունը թույլ է տալիս ԱՄՆ գերիշխանությունը հաստատել, որը մոտ 850 ռազմակայան ունի աշխարհում, որոնց մի մասը ծառայում է ՆԱՏՕ-ին: «Միայն Իտալիայում ՆԱՏՕ-ի 150 ռազմակայան կա»,-ասել է նա:

Սենատոր Պաոլա դե Պինը 2015-ի փետրվարի 11-ին սահմանադրական բարեփոխման օրինագիծ ներկայացրեց Իտալիայի խորհրդարանի քննարկմանը, որը ենթադրում է փոփոխություններ ռազմական բնույթի միջազգային համաձայնագրերում, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ: Մասնավորապես, դրույթների թվում նշվում է, որ ռազմական բնույթի ցանկացած միջազգային համաձայնագրի վավերացում մոտ 2 տարվա ժամկետ է նախատեսում: Օրինագծով նախատեսվում է ռազմական նպատակների համար ծախսերի կրճատում:

Արդի աշխարհաքաղաքական համատեքստում ՆԱՏՕ-ի բացասական դերն է նշել հայտնի լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ Ջուլյետտո Կյեզան, որը սատարում է նախաձեռնությանը: «Հիմա Ռուսաստանն է դարձել հարձակումների թիրախ, բայց սա միայն առաջին գիծն է, հետո դաշինքի թշնամին կդառնա Չինաստանը և մյուս ասիական երկրները: Մենք պատերազմի շեմին ենք, որը պետք է կանխել»,-ասել է Կյեզան: Արշավի ընդամենը մի քանի օրում հաջողվել է մոտ 6 հազար ստորագրություն հավաքել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---