Գնդակոծություններից տուժած Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցում կստանան

Գնդակոծություններից տուժած Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին կառավարության նիստում որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացնել 3 մլն 705 հազար դրամ՝ ադրբեջանական կողմից սահմանամերձ համայնքների բնակիչների բնակելի տներին հասցրած վնասների փոխհատուցման նպատակով: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կառավարության որոշման մեջ ասվում է. «2015 թ. փետրվարի 2-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզի 8 բնակավայրերի` գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3,705.5 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, 2015 թ. փետրվարի 2-20-ը Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ուսումնասիրվել են մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Բաղանիս, Բերդավան, Դովեղ, Վազաշեն և Չինարի համայնքներում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները, հայտնում է Panorama. am-ը:

Այգեպարում գնդակոծությունների հետևանքով տուժել է 30 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 688 հազար դրամ: Ներքին Կարմիրաղբյուր համայնքում տուժել են 11 քաղաքացի, բուժկետի և մանկապարտեզի շենքերը, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 մլն 711 հազար դրամ: Բաղանիսում գնդակոծությունների հետևանքով տուժել են 5 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 200 հազար դրամ, Մովսեսում՝ 14 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 153 հազար դրամ, Չինարում՝ 7 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 235 հազար դրամ, Բերդավանքում՝ 3 քաղաքացի, վնասի չափը կազմում է 149 հազար դրամ, Դովեղում՝ 1 քաղաքացի, վնասի չափը կազմում է 20 հազար դրամ, Վազաշենում՝ 11 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 268 հազար դրամ: Տավուշի մարզի Բերդավան, Չինարի և Վազաշեն համայնքներում փետրվարի 2-20-ը վնասվել է նաև 3 տրանսպորտային միջոց, վնասի ընդհանուր չափը կազմում է 280 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ` վնասվել է 8 համայնքի 82 բնակչի գույք՝ 3 մլն 705 հազար դրամ արժողությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---