ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ներածական խոսքում համառոտ ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները և, ըստ այդմ, կարևորել օրվա միջոցառման անցկացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, մինչև աշխատակարգով նախատեսված զեկույցներին և ելույթներին անցնելը, բանակի հրամանատարն իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական և նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների և քաղաքացիական անձանց, և վերջիններիս հանձնել խրախուսական պարգևներ:

Այնուհետև մարտական հերթապահության պատրաստման և իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը և դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը:

Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաև բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր և զորամասերի հրամանատարներ:

Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում` շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու և երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: Ելնելով այս իրողությունից` պաշտպանության նախարարը վերջում ներկաներին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---