Սարգիս Հովսեփյանը՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

Սարգիս Հովսեփյանը՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

PanARMENIAN.Net - «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է:

Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մարտի 30-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել որՄոսկվայի «Սպարտակ»-ի և իսպանական «Մալյորկա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն, իսկ Ղազախական «Տոբոլ»-ից Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալուց հետո, շրջանառվում էր նաև նրա անունը: Ապրլի 27-ին հայտնի դարձավ, որ Մինասյանը նշանակվել է«Փյունիկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---