Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով վճիռը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով վճիռը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը:

Դատախազ Արթուր Սարգսյանն ավելի խիստ պատիժ էր պահանջել` պնդելով, որ առաջին ատյանի դատարանի` 5 տարվա ազատազրկման վճիռը մեղմ է: Մեղադրողն, այդուհանդերձ, այդպես էլ չի հստակեցրել, թե քանի տարվա ազատազրկում է պահանջում վերաքննիչ ատյանից: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, միանալով դատախազի այս պահանջին, հստակեցրել էր՝ հարկ է 6 տարվա ազատազրկման դատապարտել Պետրոսյանին և նրան զրկել վարորդական իրավունքից ոչ թե, 2, այլ՝ 3 տարով: Նա նաև պահանջել է 8 միլիոն դրամի փոխհատուցում՝ տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման համար: Դատական բոլոր նիստերը լարված են անցնում հենց գումարային անհամաձայնությունների պատճառով:

Վարդան Պետրոսյանը արդեն 20 հազար դոլար է տրամադրել տուժող կողմին, մինչդեռ վերջիններս պնդում են, որ դա ծախսվել է հուղարկավորության, այլ ոչ թե բուժման համար: Պետրոսյանը պատրաստ է շարունակել օգնել տուժող ընտանիքին, եթե նրանք ընդունեն, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր:

«Թե ինձ 5 տարի կտան, թե 6 տարի կառաջարկեն, դա ինձ համար էդքան էական չի՝ նստել եմ, նստելու եմ: Բայց ինձ համար շատ կարևոր է, որ տիկին Նաիրան գոնե հարցեր տա, ես պատասխանեմ: Ես չեմ ունեցել էդ հնարավորությունը, չեմ էլ ունենալու: Բազմիցս խնդրել եմ, ասել եմ՝ տղաներից մեկը թող գա, զրուցենք: Չի ստացվել: Ես փակված եմ, բայց ես ձեզ հավատացնում եմ՝ կես ժամ զրույցից հետո դուք կտեսնեիք՝ ինչը ինչոց է, և էս հարցը․․․ Ամենակարևոր բանը տեղի կունենար՝ հաշտեցում, կամ եթե ոչ հաշտեցում, գոնե իրար կհասկանայինք», - ասել է Պետրոսյանը՝ հավելելով, - «Իսկ այսօր մենք, շատ կներեք, դարձել ենք թշնամիներ: Սա շատ ավելի կարևոր չի՞: Հազար անգամ ավելի կարևոր է սա, քան թե բողոքարկման ինչ-որ բաներ: Չէ՞ որ բողոքարկման նյութը այսօր սա է»:

Դատարանը մերժել է նաև տուժող կողմի՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը, որով, ըստ փաստաբանի, հնարավոր կլիներ պարզել, թե նվազագույնը որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ Տաթևիկ Հակոբյանին բուժելու համար:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրել է բժշկական հաստատություններից մեկի հետ կնքված պայմանագրի օրինակ՝ վստահեցնելով, որ եթե Տաթևիկի ծնողները համաձայնեն ստորագրել այդ փաստաթուղթը և Տաթևիկը բժշկական հետազոտությունն անցնի այդտեղ, ապա Վարդան Պետրոսյանը կվճարի բժշկական բոլոր ծախսերը, հենց Տաթևիկը ոտք դնի հիվանդանոց:

Տուժող կողմը, սակայն, մերժել է Վարդան Պետրոսյանի այս առաջարկը: Տուժող կողմին չի գոհացնում Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճիռը: Իրավահաջորդներ Արթուր և Նաիրա Հակոբյանները բողոքարկելու են այն: «Անպայման բողոքարկելու ենք: Ինքը դերասանություն ա անում, դուք չհասկացա՞ք», - ասել է Նաիրա Հակոբյանը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասել է, որ այս պահի դրությամբ տուժող կողմից որևէ պահանջ չունի՝ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքելու հետ կապված, գրում է Tert.am-ը:

Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելու պահին Ռուբեն Բաբլոյանը և վերաքննիչ բողոք ներկայացնող դատախազ Արթուր Սարգսյանը նիստերի դահլիճում չէին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց բացակայությունը, Բալոյանը պատասխանել է.«Վերաքննիչ դատարանը դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու իմ միջնորդությունը մերժեց, հասկանալի էր, որ վերաքննիչ բողոքն էլ էր մերժելու: Ապօրինի մերժեց: Վարդան Պետրոսյանը թող պետությունից չբողոքի, պետությունը լավ էլ սատարում է նրան»:

Իսկ Վճռաբեկ դատարան դիմելու մասին Ռուբեն Բալոյանն ասել է. «Մենք հիմա մեկ ամիս ժամանակ ունենք, վերջին օրը կորոշենք»:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին: Գործով դատաքննությունը մեկնարկել էր 2014-ի մարտի 12-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել:

Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին:

Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---