Կառավարության շենքի մոտ նստացույց հայտարարած նաիրիտցիները գիշերը նորմալ են անցկացրել

Կառավարության շենքի մոտ նստացույց հայտարարած նաիրիտցիները գիշերը նորմալ են անցկացրել

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի մոտ նստացույց հայտարարած նաիրիտցիները, չնայած տեղացած հորդառատ անձրևին, գիշերը նորմալ են անցկացրել:

«Գիշերը մնացել էր գործարանի 25-30 աշխատակից »,- ասել է գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, գրում է Tert.am-ը:

Նա նշել է, որ քաղաքական գործիչներից իրենց ոչ ոք չի այցելել: Իսկ պատասխանելով հարցին, թե արդյոք այս քայլը կառավարության անդամների վրա ներգործություն կունենա, գործարանի մամուլի քարտուղարն ասել է. «Մեր այս ակցիաները պարզապես չեն թողնում մոռանալ մեր մասին և կարծում եմ` իրենք ամեն ինչ կանեն մեր խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 14-ին ժամը 11-ից Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել: Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ նստացույցը շարունակվելու է երկու օր: «Պահանջում ենք նաիրիտցիների աշխատավարձի պարտքի մարում, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկում»,- ասել է Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ եթե նախարարը կամ վարչապետը հարկ համարեն իրենց հետ հանդիպել, իրենք դեմ չեն լինի:

Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, թե ստեղծվել է բավական լուրջ ու ծանր ֆինանսական վիճակ. վերջին չորս տարում «Նաիրիտը» չի աշխատել, կուտակվել են հսկայական պարտքեր, այդ թվում` 5,5 մլրդ դրամ՝ չաշխատած տարիների համար, և ընկերության խորհրդի նախաձեռնությամբ` կրճատվեց մոտ 1900 աշխատող, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չծանրանա ընկերության վրա` նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին 2300 աշխատողից աշխատում էին ընդամենը 400-500-ը:

Նա նշել է, որ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին, որ վերլուծի, ուսումնասիրի «Նաիրիտ»-ի տեխնիկական ու ֆինանսական վիճակը՝ հետագա վերագործարկման հետ կապված: «Մենք ստացել ենք ուսումնասիրությունների նախնական պատասխանը: Կարող եմ արդեն ասել Համաշխարհային բանկի եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման մասով` գտնում են ոչ նպատակահարմար: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չենք զբաղվելու, «Նաիրիտ»-ի ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, և կներկայացվեն առաջարկություններ` շատ բաց ձևով, թե' կոլեկտիվին, թե' հասարակությանը: Բոլոր տարիներին «Նաիրիտը» եղել է Հայաստանի համար առաջին կարևոր ձեռնարկությունը, այնպես որ` ամեն որոշում ներկայացվելու է հրապարակային ձևով, որևէ փակ հարցի լուծում չի լինելու»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---