Ահազանգ. Կաթի մթերման գներն իջեցվել են՝ պետկարգավորման միջոցներ են պետք

Ահազանգ. Կաթի մթերման գներն իջեցվել են՝ պետկարգավորման միջոցներ են պետք

PanARMENIAN.Net - Հայաստանի մի շարք համայնքներում կաթ մթերող ընկերություններն իջեցրել են կաթի մթերման գները: Գեղարքունիքի գյուղերում, օրինակ, 1 լիտր կաթը նախկին 140 դրամի փոխարեն ներկայում մթերվում է 120 դրամով:

Տարածքային զարգացման հիմնադրամում մթերման գների իջեցման մասին արդեն մի քանի ահազանգ են ստացել Գեղարքունիքի Բերդկունք, Լճափ, Հայրավանք, Չկալովկա և Լճաշեն գյուղերից, ասել է հիմնադրամի նախագահ Վարազդատ Կարապետյանը, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Նրա խոսքով՝ իջեցված գինը շատ մոտ է կաթի ինքնարժեքին և լուրջ հարված է գյուղացիների համար: Կարապետյանը մթերման գների իջեցման երկու պատճառ է նշել. «Նախ` կաթի արտադրության սեզոնն է, և գյուղացին, չունենալով կաթը մշակելու կամ պահելու հնարավորություն, ստիպված այն հանձնելու է։ Մյուս պատճառը կաթի փոշու ներկրումն է և դրանով կաթնամթերքի արտադրությունը, որը նվազեցնում է թարմ կաթի պահանջարկը։ Այսինքն` մեծ արտադրողները հիմա մի կողմից կաթի փոշիով բավարարում են իրենց պահանջարկի մի մասը, մյուս կողմից՝ նվազեցնում թարմ կաթի մթերման գինը»: Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ Կարապետյանի, պետական կարգավորման գործիքների կիրառումն է, ընդհուպ մինչև մթերման նվազագույն գնի ֆիքսումը. «Զարգացած մի շարք երկրներում գործում են կաթի խորհուրդներ, որոնք տարվա սկզբում հասկանում են բոլոր կողմերի դիրքորոշումը և ֆիքսում են նվազագույն մթերման գին՝ ի շահ գյուղացու և տնտեսական արդյունավետության»: Կաթի մթերմամբ և արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում հաստատել են, որ մայիսի 1-ից իրենք մթերման գներն իջեցրել են, սակայն ոչ թե 20, այլ 10 դրամով: «120 դրամ մթերման գինը «Աշտարակ կաթի» հետ որևէ կապ չունի: Մենք 10 դրամ ենք ընդամենը իջեցրել, ամենաբարձր գնով մթերում ենք մենք»,- ասել են ընկերությունում՝ չհստակեցնելով ներկայում մթերվող 1 լիտր կաթի գինը:

Ապրիլի սկզբին կաթ մթերողների կողմից մթերման գինը 20 դրամով իջեցնելու մասին հայտարարությունն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը, ովքեր Աշոցքի կենտրոնում բողոքի ցույց էին դուրս եկել:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 13-ին հանդիպել էր կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին` կարևորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև հունիսի 1-ը, այն է`արոտային պահվածքի անցնելը, պահպանել մթերման գործող գները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---