Վիեննայում բացվել է 60-րդ հոբելյանական «Եվրատեսիլը»

Վիեննայում բացվել է 60-րդ հոբելյանական «Եվրատեսիլը»

PanARMENIAN.Net - Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ» հոբելյանական` 60-րդ, երգի մրցույթի հանդիսավոր բացումը: Ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են մրցույթին, անցել են կարմիր գորգով մրցույթի նախորդ տարիների հայտնի երգերի ուղեկցությամբ, որոնք հնչել են նվագախմբի կատարմամբ:

Առաջին կիսաեզրափակիչը, որտեղ երկրորդ համարի տակ ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը, տեղի կունենա մայիսի 19-ին, երկրորդը` մայիսի 21-ին: Եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը` մայիսի 23-ին: Սակայն այս օրերը Վիեննայում արդեն հագեցած են այդ մեծ իրադարձության սպասումներով, գրում է NEWSru.com-ը:

Արդեն նախորդ շաբաթվա սկզբին հարյուրավոր հավատարմագրված լրագրողները տեղավորվեցին «Շտադհալլե» մարզահամերգային համալիրի բաժիններից մեկում: Այստեղ են անցնում մասնակիցների փորձերն ու առաջին մամուլի ասուլիսները: Այս շաբաթ հավատարմագրված լրագրողների թիվը կհասնի արդեն 1,5 հազարի` նրանք կներկայացնեն 85 երկիր:

Քանի որ նախորդ տարի մրցույթում հաղթեց ավստրիացի կատարող Կոնչիտա Վուրստը, «Եվրատեսիլ-2015»-ի պարտականությունները ստանձնեց ավստրիական կողմը` ավստրիական ORF հանրային հեռուստաընկերությունը: Կազմակերպչական մասշտաբներն աներևակայելի են: Միայն անձնակազմը մոտ 800 մարդ է, չհաշված անվտանգության աշխատակիցներին և սննդի կետերը: Աշխատում է նաև 800 կամավոր:

Վիեննայի մրցույթի առանձնահատկություններից մեկը համատեղ նախագծերի առատությունն է: Այս օրերին Ավստրիայի մայրաքաղաքի տարբեր ակումբներում արդեն տեղի են ունեցել երեկույթներ մրցույթի Building Bridges («Կամուրջներ կապելով») նշանաբանի ներքո: Մասնավորապես, Ներքին Բելվեդեր պալատում ուրբաթ օրը տեղի ունեցավ երեկույթ, որին մասնակիցները պետք է ներկայանային իրենց ազգային տարազներով:

Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խումբը կատարելու է «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:

Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը:

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է սկսած 2006 թվականից: Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն իր «Without Your Love» երգով։ Առաջնաելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում։ Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին իր «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ոնեցավ Մալմյոում։

2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3ի Not Alone երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---