ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Հանրաքվեի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Հանրաքվեի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Ազգային ժողովում 100 «կողմ», 1՝ «դեմ» և 10՝ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ու ևս մի քանի պատգամավորի առաջարկած փոփոխությունները:

Նախագծով առաջարկվում է հանրաքվեի ժամանակ «կողմ» և «դեմ» արտահայտվողների համար համապատասխան հատուկ վայրեր հատկացնել, որտեղ հավասար պայմաններում կներկայացվեն տեղեկություններ թե «կողմ» քվեարկողների համար, թե «դեմ»:

Արծվիկ Մինասյանը պարզաբանել է. «Փոփոխություններից առաջինը վերաբերում է «կողմ» և «դեմ» արտահայտվողների համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայտնի է, որ ներկայիս կարգավորումների շրջանակում գրեթե չկան «կողմ»-ի և «դեմ»-ի քարոզչության համար հավասար հնարավորություններ, ավելի շատ հնարավորություններ են տրվում «կողմ»-ին, իսկ «դեմ»-ը ստվերվում է»:

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու ներկայացված նախագծին, քանի որ «այն էականորեն բարելավում է առաջարկվող ինստիտուտը»: Բացի այդ, Զոհրաբյանն ասել է, որ առաջիկայում կներկայացնեն առաջարկություններ, որոնցից մեկը կլինի հանրաքվեից հետո ցուցակները հրապարակելը, հայտնում է Panorama.am-ը:

«Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է ընտրացուցակները հրապարակելուն, բայց դա թերևս այն պատճառով, որ հանձնաժողովի անդամները տեղյակ չեն հայաստանյան կատարելագործված ընտրական համակարգի մասին»,- հավելել է Զոհրաբյանը:

Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ որոշել են ձեռնպահ քվեարկել և մինչև երկրորդ ընթերցում ներկայացնել իրենց առաջարկությունները:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ լավ են հասկանում, թե ինչու է նման նախագիծ ներկայացվել և այդ պատճառով էլ «ընդունում են մարտահրավերը»:

«Մենք պատրաստ ենք գնալ հանրաքվեի մեր օրակարգով՝ մերժելով իշխանությունների փորձը՝ երկարաձգելու ինչ-որ մեկի իշխանությունը», - հավելել է ընդդիմադիր պատգամավորը:

ՀԱԿ-ը նույնպես ձեռնպահ է քվեարկել նախագծին, քանի որ պատրաստվում է «լուրջ առաջարկներ» ներկայացնել մինչև երկրորդ ընթերցման քննարկումը:

«Հաջորդ շաբաթ պատրաստ ենք ստանալով ձեր առաջարկները քննարկում կազմակերպել»,- իր հերթին պատրաստակամություն հայտնել օրինագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը:

Հայաստանում 2001 թվականին է ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքում մինչ այժմ 4 փոփոխություն է կատարվել: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի խոսքով, իրենք առաջարկում են ուժեղացնել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` «անաչառ գնահատականներ ունենալու համար»:

«Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրականացնել լիարժեք դիտորդական առաքելություն բնականաբար, համապատասխան կարգով հավատարմագրվելու պարագայում», -ներկայացրեց Մինասյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---