Նախարար․ Էլցանցերում խախտումների վերաբերյալ տեղեկատվության նախարարությունը չի տիրապետում

Նախարար․ Էլցանցերում խախտումների վերաբերյալ տեղեկատվության նախարարությունը չի տիրապետում

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի տիրապետում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում խախտումների վերաբերյալ տեղեկատվության և այնտեղ ֆինանսական ստուգումներ անցկացնելու որևիցե լիազորություն օրենքով չունի։ Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 250 մլն դոլարի պարտք է կուտակել, իր իսկ իրավաբանական հասցեով գրանցել է շինարարական կազմակերպություն եւ խոշոր տրանսպորտային ծախսեր կատարել։

«Տեղյակ ենք, որ բավականին մեծ դժգոհություններ և բողոքներ են առկա էլեկտրական ցանցերում տիրող ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։ Սակայն այդ համակարգը չի գտնվում նախարարության կազմում։ Դա ոլորտային ընկերություն է, որի վերաբերյալ կա համապատասխան օրենք, և օրենքով սահմանված են յուրաքանչյուր կառույցի իրավասություններն ու պատասխանատվությունը»,- ասաց Զախարյանը։

Նա հավելեց նաև, որ նախարարությունը չի տիրապետում համապատասխան նյութերի՝ պատկան մարմիններին՝ դատախազությանը դրանք հանձնելու համար։ Զախարյանն առաջարկեց պատգամավորին ներկայացնել տեղեկատվություն, ինչից հետո, իր խոսքերով, իրենք պատրաստ կլինեն հարցին ընթացք տալ։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի՝ Որոտանի ՀԷԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ վաճառքի գործընթացը վերջնական փուլում է։ ՀՀ կառավարության և գնորդ ընկերության միջև երկար քննարկումների արդյունքում վերացվել են բոլոր խոչընդոտները, և պայմանագրի վերջնական տարբերակը հանձնվել է ամերիկյան կողմին՝ ստորագրման։

«Մոտակա օրերին պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության ձեռք կբերվի և այն կներկայացվի ստորագրման հայկական կողմին։ Վաճառվում է «Որոտան» բաժնետիրական ընկերության գույքը, այլ ոչ թե ինքը՝ ընկերությունը»,- հավելեց Զախարյանը։

ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---