Պալմիրան կարժանանա Իրաքի հնությունների ճակատագրի՞ն. «ԻՊ»-ն գրավել է քաղաքը

Պալմիրան կարժանանա Իրաքի հնությունների ճակատագրի՞ն. «ԻՊ»-ն գրավել է քաղաքը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավել են հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնել են սիրիացի ակտիվիստներն ու տեղաբնակները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ջիհադականներն արդեն գրավել էին Թադմորի (Պալմիրայի արաբական անվանումն է) մի մասը, որտեղ գտնվում են Պալմիրայի ավերակները, սակայն կառավարական զորքերին հաջողվեց հետ մղել նրանց:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Վտանգ կան, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները:

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում: Հաթրան ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում էր ընդգրկված եզակի ճարտարապետության համար, որը ներառում էր հելլենական և հին հռոմեական ավանդույթների տարրեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները քանդել են Իրաքի ևս մեկ հուշարձան՝ հին կաթոլիկ վանքը: Ծայրահեղականները թալանել են Մոսուլից 30 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Համդանիա քաղաքում գտնվող շինությունների համալիրը, իսկ հետո գործի են դրել վանքի տարածքում տեղադրված պայթուցիկ սարքը:

Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ արեց միջազգային հանրությանը հարվածներ հասցնել ԻՊ ռազմակայաններին: Հայտարարությունն արվել է «Տերեզին» հուշահամալիրում կայացած սգո արարողության ժամանակ, որտեղ Երկրորդ համաշխարհայինի տարիներին համակենտրոնացման ճամբար է եղել հրեաների համար: «Հարկավոր է արձագանքել կրոնական ատելության տարածման աճող սպառնալիքին»,-ասել է Զեմանը: «XX դարի 40-ականներին տարածվում էր ռասայական ատելությունը, իսկ հիմա հարավից տարածվում է կրոնական ատելություն: Ես կցանկանայի, որ մենք կարողանայիքն ձերբազատվել անտարբերությունից, վախից և չհամոզեինք ինքներս մեզ, որ ոչինչ չի կատարվում»-ասել է նա: Նրա կարծիքով միջազգային հանրությունը չի կարող հետաձգել ԻՊ դեմ գործողությունը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---